Կհիմնանորոգվի Սեմյոնովկա համայնքի մշակույթի տան շենքի տանիքը
ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 12 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 600 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը:
Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Շենքում տեղակայված են համայնքի բուժկետը, գրադարանը, միջոցառումների սենյակը եւ համայնքապետարանը: Տանիքն անբարեկարգ է, որը եւ պատճառ է դառնում շենքի քայքայման: Այն հիմնանորոգվելու է ամբողջությամբ՝ շուրջ 616 քմ մակերեսով: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, որով եւ մեր համայնքի համար շատ կարեւոր խնդիր լուծված կլինի»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում