Հայրենիքին ծառայելն առաքելություն է. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 22-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ողջունելով հոգեւոր պետերին՝ նախագահ Սարգսյանը նշել է.«Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ծրագրեր ունի, հսկայական անելիք, և այդ անելիքները շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և թե՛ Արցախում»:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել, թե ինչով կարող է որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հայ հավատացյալ, աջակցել ու օժանդակել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում ասել է.«Պարոն նախագահ, ուրախ եմ, որ այսօր Արամ Ա Վեհափառի հետ այցելեցինք Ձեր օջախ: Արամ կաթողիկոսը եռօրյա այցով Հայաստանում է, և այս օրերին միասնաբար եկեղեցուն հուզող բազում հարցեր, խնդիրներ ու ծրագրեր քննարկեցինք:

Մենք հստակ, վճռական կերպով հաստատեցինք, որ պետք է շարունակենք պատմական առաքելությունը մեր եկեղեցու, մեր ժողովրդի կյանքում՝ զորավիգ լինելով մեր հայրենի պետությանը, նպաստելով, որ մեր երկիրը շարունակի ապահով, անվտանգ առաջընթացի մեջ իր բարօր կյանքը: Այս իմաստով, անշուշտ, աշխարհասփյուռ եկեղեցու մեր հանգամանքը պետք է կարողանանք օգտագործել՝ մեր ժողովրդին համախմբելու հայրենիքի շուրջը: Հայրենիքն այն հիմնական արժեքն է, որի համար մեր ժողովուրդը դարերի ընթացքում հանձն է առել գնալ նահատակության:

Հայոց պետությունը, հայոց պետականությունը մեր պատմության մեծագույն ձեռքբերումն են, և մենք այսօր պատասխանատվություն ունենք՝ այդ պետականությունն ամուր, անվտանգ պահելու և այդ պետականության համար մեր ժողովրդի բոլոր կարողություններն ու հնարավորությունները համադրելու, որպեսզի անվտանգ կարողանա մեր երկիրն առաջ գնալ, շենանալ, զորանալ և ապահովել մեր ժողովրդի բարօր կյանքը:

Բոլոր առիթներով մենք բարձրաձայնում ենք, որ մեր եկեղեցու հոգեփրկչական առաքելության հետ միասին նույնքան կարևորությամբ մեր եկեղեցին իրականացնում է հայապահպանության, ազգապահպանության և պետականաշինման առաքելությունը: Պետության ամրացումը, հզորացումը, բարգավաճումը, պայծառացումը մեր եկեղեցու գերագույն առաքելություններից է:

Աստված թող օրհնի Ձեզ, քաջառողջություն ենք մաղթում, արգասաբեր գործունեություն մեր երկրի ու ժողովրդի բարօրության և առաջընթացի համար»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Ջերմ սիրով ողջունում եմ ևս մեկ անգամ՝ որպես Հայաստանի Հանրապետության արժանընտիր նախագահ:

Մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի: Ասելիքները գալիս և գնում են, բայց անելիքները մնում են : Որպես եկեղեցի, որպես կառավարություն, խորհրդարան, նախագահ, վարչապետ մեզնից յուրաքանչյուրն իր պատասխանատվության շրջանակում անելիքներ ունի, և մենք կոչված ենք այդ անելիքները կատարելու բարձրագույն աստիճանի պատասխանատվությամբ, գիտակցությամբ, հանձնառությամբ:

Եկեղեցի-պետություն գործակցությունը մեր պատմությունից ժառանգված իրողություն է, չենք կարող այլապես մտածել՝ ոչ եկեղեցին, ոչ էլ պետությունը, որովհետև եկեղեցին կառույց չէ, վայր չէ, մեր ժողովուրդն է, առաքելությունն է: Մեր ժողովրդի ծառայությամբ լցված մեր հոգևոր հայրերը մեկ նպատակ ունեն՝ ժողովրդի կյանքը պայծառակերպել հոգևոր, բարոյական արժեքներով: Ազգը, հայրենիքը արժեքներով է հզորանում:

Ճիշտ է, այսօրվա աշխարհում, ինչպես Դուք հաճախ նշում եք Ձեր խոսքում, տեխնոլոգիան շատ կարևոր է, սակայն այդ տեխնոլոգիան մենք պետք է օգտագործենք մեր արժեքների հարստացման, կենսագործման համար: Հետևաբար, այս հանդիպումները բոլորիս համար առիթներ են ևս մեկ անգամ տեսնելու մեր ժողովրդի՝ հայրենիքի ներսում դիմագրաված դժվարությունները, մարտահրավերները և միասնաբար աշխատել ու տեսնել, թե ինչ կարող ենք անել մենք հայրենիքի հզորացման համար:

Հետևաբար, ես այս առիթով Ձեզ եմ ներկայացնում իմ ջերմ մաղթանքը. Աստված Ձեզ հաջողություն թող պարգևի Ձեր առաքելության մեջ: Հայրենիքին ծառայելն առաքելություն է, կոչում է, և մենք բոլորս միասնաբար լծված ենք զանազան շեշտադրումներով, մոտեցումներով նույն առաքելությանը, նույն նպատակասլաց աշխատանքին»:

Շնորհակալություն հայտնելով՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է.«Համաձայն եմ, որ հայրենիքին ծառայելն առաքելություն է: Ինչպիսին էլ լինեն այդ առաքելության գործիքները՝ քաղաքական, տնտեսական, գիտական կամ նոր տեխնոլոգիաների, եթե այդ բոլորի հետևում հավատ և բարոյականություն չկա, ապա այդ գործիքները դրական նպատակի փոխարեն բացասականին կծառայեն: Հետևաբար, ամեն ինչից վեր մնում են նվիրվածությունը, հավատն ու մարդու բարոյական արժեքները, իսկ հայ մարդու դեպքում՝ նաև մեր ազգային արժեքները: Այնպես որ, բոլոր գործիքներն՝ այո, բայց, իհարկե, առանցքը և արժեքը հավատքի, բարոյականության և հոգևոր ազգային արժեքների մեջ են»:

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում