Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելի է. ՀՀ վարչապետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է, սակայն վերահսկվում է: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Արարատի զորամասերից մեկում հակառակաորդի դիպուկահարի արձակած գնդակից երկու զինծառայողների մահվան դեպքին: «Ես զրուցել եմ Պաշտպանության նախարարի հետ, ով մանրամասն ներկայացրել է ինձ և ասել, որ իրավիճակը վերահսկվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե սահմանին լարվածության պատճառներից մեկը ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունն է, ՀՀ վարչապետը նշեց, որ չէր ցանկանա դրանք միմյանց հետ կապել: «Իրավիճակը սահմանին լարված է, սակայն այնպես չէ, ինչպես դուք եք ներկայացնում»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ լարվածության պատճառները դեռևս հայտնի չեն, և քննություն է ընթանում՝ ընդգծելով, որ արդեն տարբեր մեկնաբանություններ կան, սակայն պատճառներն առայժմ ուսումնասիրվում են:
Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները ճշտվում են: