Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել. թուրք նախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել. թուրք նախարար

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին հայտարարել է՝ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասում ամրապնդվի խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարն այդ մասին ասել է Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նախարարը հիշեցրել է, որ 2022 թվականից Հայաստանն ու Թուրքիան սկսել էին հարաբերությունների կարգավորման գործընթաց՝ շեշտելով, որ 2026 թվականի մարտից այդ գործընթացը նոր թափ է ստացել։

«2022 թվականի հունվարից սկսվեց հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 2026 թվականի մարտից «Թուրքական ավիաուղիներ» ընկերության չվերթների հետ մեկտեղ այդ գործընթացը նոր թափ ստացավ։ Հետևաբար, այս գործընթացի գործնական արտահայտումը, ինչպես նաև մեր հարգարժան նախագահի հանդիպումները պարոն Փաշինյանի հետ շարունակվում են այնպես, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը բարձրացվի ավելի բարձր մակարդակի։ Իհարկե, մենք՝ որպես Թուրքիա, ցանկանում ենք, որ տարածաշրջանում ամրապնդվեն խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը։ Եվ, անշուշտ, հաշվի առնելով այստեղ ստեղծված իրավիճակն ու առկա հանգամանքները, շարունակում ենք այդ գործընթացը։ Հուսով եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը և կարգավորման գործընթացի արագացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Յումակլին։

Խոսելով երևանյան COP17 համաժողովի մասին՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարը նշել է, որ համաժողովի ընթացքում կարևոր ուղերձներ են հնչելու՝ հույս հայտնելով, որ դրանք տեղ կհասնեն և կընկալվեն ամբողջ աշխարհում։

«Միևնույն ժամանակ, հաջորդ ամիս Անթալիայում տեղի կունենա COP31-ը։ Այնտեղ ևս ամբողջ աշխարհին շատ կարևոր ուղերձներ կհղվեն։ Այս ամենը, ընդհանուր առմամբ, կարևոր միջոցառումներ և կարևոր ուղերձներ են՝ ուղղված աշխարհում խաղաղության, հանգստության և բարեկեցության զարգացմանը։ Մաղթում եմ, որ ամեն ինչ բարեհաջող լինի»,- եզրափակել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում