Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին հրավերն ընդունելու և գագաթնաժողովին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ կողմերի ցանկությունն ու նպատակադրումը:
Մասուդ Փեզեշքիանը ևս շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի առաջմղմանը վերաբերող թեմաների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: