Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կրկին հիշեցրել է, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում փետրվարյան իրադարձությունների հետ կապված հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Facebook սոցիալական ցանցում Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ ցանկացած մարդու կորուստը ողբերգություն է, եւ Լեռնային Ղարաբաղում կողմերի միջեւ պատերազմի ընթացքում մարդկային զոհերը մեկ անգամ եւս հիշեցնում են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

«Հակամարտության լուծման միայն երկարաժամկետ եւ խաղաղ ճանապարհը կարող է տարածաշրջանում ապահովել կայունություն, բարօրություն եւ հաշտություն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը հանդես է գալիս կողմերի հետ համատեղ աշխատանքի օգտին` հանուն խաղաղության հաստատման հասնելու», -ասել է Մորնինգսթարը:

Ադրբեջանը մշտապես աղավաղում է 1992 թ, պատերազմական գործողությունների ժամանակ Աղդամի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունների իսկությունը, որոնք նա ներկայացնում է «Խոջալուի դեպքեր»: Համաձայն միջազգային տարբեր կազմակերպությունների եւ ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարների` ներառյալ այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի վկայակոչումների, այդ իրադարձությունները կազմակերպվել էին «Ազգային ճակատ» ընդդիմության կողմից` այդ ժամանակաշրջանի ադրբեջանական ղեկավարությունից ձերբազատվելու համար:

1992 թ. փետրվարի 26-ին, Ղարաբաղում պատերազմի ընթացքում, Աղդամ քաղաքի մոտակայքում, չպարզաբանված հանգամանքներում զոհվել է 200-300 մարդ (դա միջազգային իրավապաշտպան Human Right Watch կազմակերպության տվյալներով, իսկ Ադրբեջանի պրոպագանդած վարկածով` 600-ից ավելի), որոնք Ադրբեջանի կողմից դիտավորյալ կերպով պահվում էին ռազմական գործողությունների էպիկենտրոնում: Շրջափակված Ստեփանակերտը ռմբակոծության ենթարկող 5 կրակակետերից մեկը հանդիսացող Խոջալուի բնակչությունը երկար ամիսների ընթացքում բռնությամբ պահվում էր ավանում եւ կանխամտածված չէր էվակուացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից ` հետագայում նրան որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի կողմից թողնված մարդասիրական միջանցքով ավանը լքած Խոջալուի բնակիչներն անարգել անցել են 10 կմ եւ ավելի եւ հասել ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք: Ավելի ուշ ադրբեջանական զորքերի դիրքերին անմիջական մոտ հայտնաբերվել են ավանի զոհված բնակիչների մարմինները: Զոհվածների ճշգրիտ թվաքանակը մնում է անհայտ, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Աղդամի մոտ քաղաքացիական անձանց ողբերգական մահվան հետաքննության գծով Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիեւի կարգադրությամբ ցրվել է, իսկ հետաքննության նյութերը`գաղտնագրվել:

Աղդամի սադրանքին հաջորդած Բաքվում իշխանության բռնազավթումից հետո (1992 թ.) Ադրբեջանի նոր ղեկավարությունը, Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ, խոջալեցիների նկատմամբ իր իսկ հրեշավոր հանցագործությունը թաքցնելու համար նախաձեռնեց իրադարձությունների նպատակաուղղված նենգափոխում` իր սադրանքը ներկայացնելով որպես ղարաբաղյան ուժերի կողմից խաղաղ բնակիչների «կոտորած»: Այս քաղաքականությունը պաշտոնական Ադրբեջանի կողմից շարունակվում է առ այսօր:

«Խոջալուի իրադարձությունների» աղավաղված քարոզչության միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաեւ այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել երիտասարդ սերնդին` նպաստելով հայատյացությանն ու այլատյացությանը:

Հայերեն English Русский

Ազգային ժողով - կառավարություն հարց ու պատասխան

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ SIGMA հարթակը հնարավորություն կտա քաղաքացիներին ստուգել պետական ծախսերը․ BTA

Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր

Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանգստի ակտիվ սեզոնին ընդառաջ իրազեկող հաղորդագրություն է տարածել

Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցի մասնակի բացման մասին, սպառնացել է Իրանին նոր հարվածներով

ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները

ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին

Հանրությունը պետք է ստանա այդ հարցի պատասխանը․ Ռուբինյանը ԱԺ-ում ընդդիմության բացակայության մասին

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք