Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ
2 րոպեի ընթերցում

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով պետք է հույսը դնի բացառապես ինքն իր վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Հայաստանի ՀՕՊ համակարգի առանձնացում ռուսական ՀՕՊ համակարգից՝ ըստ բանակի կերպափոխման հայեցակարգի։
«Հայաստանի Հանրապետության հակաօդային, հակահրթիռային և հակադրոնային համակարգերի առումով մենք պետք է հույսը միայն ինքներս մեզ վրա դնենք։ Ուրիշ ոչ մեկի վրա մենք չպետք է հույս դնենք։ Մենք պետք է այնպես ուժեղանանք, որ Հայաստանի տարածքում ինքնուրույն կարողանանք մեր առջև դրված խնդիրները կատարել»,-նշել է ԳՇ պետը։
Նա նաև պնդել է, որ Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանությունը հիմա ավելի լավ վիճակում է, քան եղել է 2018 թվականին երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից առաջ։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 23-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը ստորագրել էին այդ ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Միացյալ ՀՕՊ համակարգ ստեղծելու հիմնական նպատակը կովկասյան տարածաշրջանում երկու երկրների հակաօդային պաշտպանության ուժերի և միջոցների համատեղ կիրառումն ու ինտեգրումն էր։