Միջազգային

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, ռուսական պետության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի հաջողությունները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային զարգացմանն առնչվող հարցերի լուծման մեջ: Պուտինն ընդգծել է Հանրապետության բարձրացող հեղինակությունը միջազգային հարցերում: ՌԴ նախագահն ընդգծել է նաեւ, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք պատմական խոր արմատներ ունեն, հասել են դաշնակցային գործընկերության մակարդակի եւ շարունակում են ինտենսիվ զարգանալ, որը հաստատում են, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվա վերջերս կատարած այցի արդյունքները:

Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով պետությունները կապահովեն երկկողմ կապերի ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, տարբեր բազմակողմ ձեւաչափերով կառուցողական համագործակցության ընդլայնումը, այդ թվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում, ինչն, անկասկած համապատասխանում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում