ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում եղանակն ավելի է ցրտել, եւ դրան զուգահեռ բնակիչների կենսակերպն ավելի է դժվարացել հատկապես վառելիքի բացակայության պատճառով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ, չնայած դժվարին պայմաններին, հայկական դպրոցները շարունակում են դասերը:
Մամուլի քարտուղարի տեղեկացմամբ`հունվարի 9-ին Հալեպում եւ Սիրիայի այլ շրջաններում առատ ձյուն է տեղացել: Բնակիչներից ոմանք փորձում են բնակարանները տաքացնել վառելափայտով: Քաղաքը կեսօրից հետո խավարի մեջ է հայտնվում, եւ «ստեղծված իրավիճակը նախնադարյան շրջանի է նմանվում»:
Քաղաքական դաշտում փոփոխություն չկա, կրակոցների ձայներ մերթ ընդ մերթ լսվում են ավելի հեռվից, իսկ կենտրոնական շրջաններում իրավիճակը հանգիստ է:
Ռեյիսյանը տեղեկացրեցնաեւ, որ Հալեպի օդանավակայանը չի գործում: Լուրեր են շրջանառվում, որ այն հնարավոր է բացվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: