ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր այցելել են Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նշելով, որ հանգամանքների բերումով չի կարողացել մասնակցել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը` Արամ Առաջին կաթողիկոսն ասել է, որ Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Սարգսյանին անձնապես շնորհավորելու եւ իր զորակցությունը հայտնելու նպատակով: «Եկեղեցին ու հայրենիքը, հավատ ու հայությունը մեզ համար մեկ ամբողջություն են, որի շրջանակում մենք պետք է գործակցենքե,-ընդգծել է նա: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը վստահություն է հայտնել, որ այսօր որդեգրած ընթացքը որոշ ժամանակ անց, անկասկած, տալու է իր արդյունքը եւ մարդիկ տեսնելու են, որ հստակ քայլեր են ձեռնարկվում` կառուցելու բոլորիս ցանկությունների ու սպասումների հայրենիքը: Հանրապետության նախագահի խոսքով, թիկունքում ունենալով զույգ կաթողիկոսների զորակցությունը` կարելի է շատ բան անել եւ շատ մեծ արդյունքների հասնել: Նա բարձր է գնահատել եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում եւ նշել, որ 1000-ամյա պետականության բացակայության պայմաններում եկեղեցին իր վրա է վերցրել պետականության, հայապահպանության որոշ գործառույթներ եւ այն պատվով տարել: Ընդգծելով, որ պետությունը հետայսու եւս զորակցելու է Հայ առաքելական եկեղեցու ամրապնդմանը, երկրի ղեկավարն ասել է, որ ազգային եկեղեցին պետք է շարունակի մնալ հայոց ոգու եւ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը: Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները վստահություն են հայտնել, որ Սերժ Սարգսյանը մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կշարունակի ծառայել հայրենիքի ու մեր ժողովրդի ընդհանրական ու գերագույն շահերին: Նրանք իրենց աթոռներով պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի օժանդակել եւ զորավիգ լինել բոլոր այն բարի մտածումների իրականացմանը, որ ունի նախագահը մեր երկիրն առաջ տանելու գործում: