Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներն ինտեգրված նախագծային աշխատանք են իրականացրել «Հովհաննես Թումանյանը և Լոռվա կենսաբազմազանությունը» թեմայով
6 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներն ինտեգրված նախագծային աշխատանք են իրականացրել «Հովհաննես Թումանյանը և Լոռվա կենսաբազմազանությունը» թեմայով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը, նախագծային աշխատանքը ղեկավարել են հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունե Ոսկանյանը և կենսաբանության ուսուցչուհի Հասմիկ Դավուդյանը։
Ինտեգրված նախագծային աշխատանքը վերածվել է ճանաչողական ու կրթական բովանդակալից ուղևորության դեպի Լոռու մարզ։ Նախագծի շրջանակում սովորողները հնարավորություն են ունեցել՝ բացահայտելու հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ստեղծագործական աշխարհը, ճանաչելու նրա ծննդավայրի բնապատկերները, պատմամշակութային միջավայրը և այն արժեքները, որոնք իրենց արտացոլումն են գտել գրողի գրական ժառանգության մեջ։
«Նախագծի առանցքում գրականության և իրականության փոխկապակցվածության բացահայտումն էր։ Կարևոր էր, որ սովորողները Թումանյանի ստեղծագործություններին առնչվեին ոչ միայն որպես գրական տեքստերի, այլև ճանաչեին այն բնաշխարհն ու պատմական միջավայրը, որոնք ձևավորել են գրողի աշխարհընկալումն ու ստեղծագործական մտածողությունը։ Այս մոտեցումը հնարավորություն է տվել գրական ստեղծագործությունները դիտարկել իրենց ծննդավայրի, բնության և ազգային կենցաղի համատեքստում»,-նշեց Անժելա Պողոսյանը։
Ճանաչողական ուղևորության առաջին կարևոր կանգառը եղել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, որտեղ սովորողները ծանոթացել են գրողի կյանքի կարևոր դրվագներին, ստեղծագործական ուղուն, անձնական իրերին և նրա ապրած ժամանակաշրջանի պատմական իրողություններին։
Թանգարանային միջավայրում գրողի կենսագրությունն ու գրական ժառանգությունն ավելի անմիջական ու շոշափելի են դարձել՝ նպաստելով նրա անհատականության և ստեղծագործական աշխարհի առավել խորքային ընկալմանը։
Այնուհետև աշակերտներն այցելել են Դսեղի եկեղեցի, եղել «Գիքորի աղբյուրի» տարածքում, ինչպես նաև այցելել Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցի։ Այս վայրերի ճանաչողությունը հնարավորություն է տվել` անդրադառնալու Թումանյանի ստեղծագործությունների աշխարհագրական ու մշակութային միջավայրին, նկատելու հայրենի բնության, մարդկանց կենցաղի և ազգային սովորույթների արտացոլումը գրողի գրական աշխարհում։ Ուղևորության կարևոր բաղադրիչներից է եղել նաև Հաղպատի և Սանահինի վանական համալիրների այցելությունը։ Սովորողները ծանոթացել են հայ միջնադարյան ճարտարապետության այս նշանավոր կոթողների պատմությանը, դրանց հոգևոր, կրթական և մշակութային նշանակությանը, որի արդյունքում գրականության ուսումնասիրությունը բնականորեն ընդլայնվել է՝ ներառելով հայ ժողովրդի պատմության և մշակութային ժառանգության ճանաչումը։
Ճանաչողական այցի ուշագրավ դրվագներից է եղել նաև հանդիպումը «Գիքոր» ֆիլմում գլխավոր հերոսի դերակատար Ալբերտ Ղուլինյանի հետ։ Հանդիպումը սովորողների համար առանձնահատուկ հնարավորություն է ստեղծել՝ համադրելու գրական կերպարի մասին իրենց պատկերացումները նրա կինեմատոգրաֆիական մարմնավորման հետ։ Անմիջական շփումը առիթ է տվել՝ զրուցելու կերպարի մեկնաբանության, դերասանական աշխատանքի առանձնահատկությունների և գրական ստեղծագործությունը կինոարվեստում վերարտադրելու գործընթացի մասին։
Նախագծի ընթացքում կարևորվել են ոչ միայն առարկայական գիտելիքների ընդլայնումը, այլև միջառարկայական կապերի բացահայտումը։ Հայ գրականությունը, պատմությունը, աշխարհագրությունն ու բնագիտությունը հանդես են եկել որպես փոխլրացնող բաղադրիչներ՝ ձևավորելով ամբողջական ճանաչողական միջավայր։ Սովորողները հնարավորություն են ունեցել դիտարկելու, համադրելու և վերլուծելու, ձևակերպելու հարցադրումներ ու ստացած տեղեկությունների հիման վրա կատարելու սեփական եզրահանգումները։
«Նման նախագծային աշխատանքները կարևոր նշանակություն ունեն կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից։ Դրանք սովորողին հնարավորություն են տալիս հանդես գալ ոչ միայն որպես գիտելիք ստացող, այլև որպես հետազոտող, բացահայտող և սեփական ուսումնառության ակտիվ մասնակից։ Արտադասարանական ճանաչողական միջավայրը նպաստում է գիտելիքների ամրապնդմանը, ինքնուրույնության ու համագործակցային կարողությունների զարգացմանը, ինչպես նաև հայրենիքի պատմամշակութային և բնական արժեքների գիտակցված արժևորմանը։ «Հ. Թումանյանը և Լոռվա կենսաբազմազանությունը» ինտեգրված նախագծային աշխատանքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կրթությունը չի սահմանափակվում դասասենյակով։ Այն շարունակվում է թանգարաններում, պատմական հուշարձանների տարածքներում, հայրենի բնաշխարհում և մարդկանց հետ անմիջական հանդիպումներում։ Երբ գրական ստեղծագործությունը բացահայտվում է իր ծննդավայրի, բնության, պատմության և մշակույթի համատեքստում, գիտելիքը դառնում է առավել խորքային, ընկալելի և հիշարժան։ Այս ուղևորությունը սովորողների համար ոչ միայն Թումանյանի աշխարհին ավելի մոտենալու հնարավորություն էր, այլև հայրենիքի ճանաչողության, ազգային ու բնապահպանական արժեքների արժևորման և ուսումնառությունը կենդանի փորձառության վերածելու կարևոր քայլ»,-տեղեկացրեց Անժելա Պողոսյանը։