3 րոպեի ընթերցում
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց «Էլվինա Մակարյան… Չկայացած համերգ» խորագրով մոնոդրաման, որը նվիրված է հայ երգարվեստի ինքնատիպ ու հիշարժան ներկայացուցիչներից մեկի՝ Էլվինա Մակարյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն։ Ներկայացումը յուրօրինակ բեմական անդրադարձ է երգչուհու բարդ, հակասություններով ու հուզական ապրումներով լի կյանքին, նրա արվեստին, չիրականացած երազանքներին և ներքին աշխարհին։
Մոնոդրամայի բեմադրության հեղինակներն են Արթուր Սահակյանն ու Իլոնա Սագիևան, սցենարի հեղինակը՝ Ռուզան Մինասյանը, իսկ բեմում Էլվինա Մակարյանի կերպարը մարմնավորում է երգչուհի Իլոնա Սագիևան։
Ներկայացման առանցքում Էլվինա Մակարյանի կյանքի ու ստեղծագործական ճակատագրի պատմությունն է։ «Ո՞ւր եք, տղաներ», «Իմ կյանքի գարուն», «Մենություն», «Երևան», «Յարո ջան» և այլ սիրված երգերով հայ ունկնդրի հիշողության մեջ մնացած երգչուհին առանձնանում էր իր ինքնատիպ ձայնով, կատարողական ոճով և բեմական ներկայությամբ։ Մոնոդրամայի հուզական առանցքներից մեկը երգչուհու բնորոշումն է՝ «Ես պահանջված ավելորդ եմ», որը ներկայացման ընթացքում հնչում է որպես նրա կյանքի ու ներաշխարհի յուրօրինակ բանաձև։ Բեմադրության առանձնահատկություններից է Իլոնա Սագիևայի կերպարանափոխումը։ Նա ոչ միայն ներկայացնում է Էլվինա Մակարյանի կենսագրական դրվագները, այլև երգի, խոսքի ու հուզական արտահայտչամիջոցների միջոցով փորձում է բացահայտել երգչուհու անհատականությունն ու հոգեբանական աշխարհը։
Ներկայացման ավարտից հետո «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Իլոնա Սագիևան նշեց, որ Էլվինա Մակարյանի կյանքի ու ստեղծագործական ժառանգության մասին դեռ շատ ասելիք կա։ «Էլվինայի կյանքն այնքան բուռն է եղել, որ ասելիքը դեռ շատ է։ Կան երգեր, որոնք կուզենայի կատարել, կան նաև չասված բաներ, որոնց մասին պետք է խոսվի։ Առաջիկայում շատ կուզենայի, որ մարդիկ այդ ամենն իմանային»,-ասաց Սագիևան։
Անդրադառնալով Գյումրիի հանդիսատեսի արձագանքին՝ երգչուհին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, հուզական արձագանքի և անկեղծ գնահատանքի համար։ «Շնորհակալ եմ Գյումրիի հանդիսատեսին։ Անչափ շնորհակալ եմ հուզառատ ու անչափ կարևոր գնահատանքի և անկեղծության համար։ Այս հուզական դաշտը փոխադարձ է»,-ավելացրեց Իլոնա Սագիևան։
«Էլվինա Մակարյան… Չկայացած համերգ» մոնոդրաման ևս մեկ փորձ է բեմի միջոցով վերարժևորելու հայ երգարվեստի վառ ներկայացուցիչներից մեկի ստեղծագործական ժառանգությունը և նորովի ներկայացնելու նրա մարդկային ու գեղարվեստական դիմանկարը։