ԱՄՆ սև ցուցակում ներառված չինական համալսարանը կարողացել է ձեռք բերել Nvidia-ի H200 չիպեր. Reuters
4 րոպեի ընթերցում
Չինաստանի բանակի հետ սերտ կապեր ունեցող չինական համալսարաններից մեկը, չնայած ԱՄՆ արտահանման սև ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքին, անցյալ ամիս ձեռք է բերել Nvidia-ի հզոր H200 արհեստական բանականության չիպեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հոդված է հրապարակել Reuters-ը՝ ուսումնասիրելով համալսարանի գնումների փաստաթղթերը։
Նշենք, որ այս օրերին ԱԲ չիպերի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար ամերիկյան Nvidia ընկերությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, ինչ տեղեկություններ տարածվեցին, որ գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հարաբերությունների մեջ է գտնվել մի կնոջ հետ, ով մեղադրվում է Չինաստանի համար լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ։
Հոկտեմբերի 21-ին համալսարանի կայքում հրապարակված գնումների փաստաթղթի համաձայն՝ Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանն անցյալ ամիս ձեռք է բերել երկու H200 չիպ՝ 874 700 յուանով (123 000 դոլար)։ Այս համալսարանը Չինաստանի համալսարանների «Ազգային պաշտպանության յոթ որդիներ» խմբի անդամ է։ Այդ խմբի բուհերը գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ներքո և նախկինում Պեկինի համար իրականացրել են պաշտպանական ոլորտին առնչվող հետազոտություններ։
Փաստաթղթի համաձայն՝ չիպերը ձեռք են բերվել համալսարանի կառավարման դպրոցի համար՝ ոչ թե անմիջապես Nvidia-ից, այլ Shaanxi Bosuan Network Technology ընկերությունից։
H200-ը Nvidia-ի ամենահզոր չիպերից է, որը նախատեսված է առաջադեմ արհեստական բանականության համակարգերի ուսուցման և աշխատանքի համար։ Դրա արտահանումը ենթակա է ԱՄՆ արտահանման լիցենզիայով հաստատման, ինչը, որպես կանոն, մերժվում է սև ցուցակում ընդգրկված հաստատությունների, այդ թվում՝ Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի դեպքում։
Չինաստանի Սիան քաղաքում տեղակայված Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանը հետազոտություններ է իրականացնում ռազմական ինքնաթիռների, հրթիռների և արբանյակների ոլորտներում։
ԱՄՆ առևտրի նախարարությունը համալսարանն իր առևտրային սև ցուցակում է ընդգրկել 2001 թվականին՝ հրթիռների տարածմանն առնչվող գործունեության և ռազմական հետազոտությունների մեջ ենթադրյալ ներգրավվածության պատճառով։ 2019 թվականին սահմանափակումներն ավելի են խստացվել։
Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը նախկինում քննադատության է ենթարկվել Չինաստան արհեստական բանականության չիպերի վաճառքի սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ լոբբիստական գործունեության պատճառով։ Հուանգը պնդել է, որ Չինաստանին ամերիկյան չիպերի վաճառքի շարունակումը թույլ կտա պահպանել ԱՄՆ տեխնոլոգիական առաջատարությունը և չինացի հաճախորդներին կախվածության մեջ պահել ամերիկյան տեխնոլոգիաներից։ Սակայն ԱՄՆ որոշ օրենսդիրներ կարծում են, որ Nvidia-ի ամենահզոր արհեստական բանականության չիպերին հասանելիությունը կարող է արագացնել Չինաստանի կողմից սպառազինությունների նախագծման, հետախուզական տվյալների վերլուծության և ռազմական արդիականացման համար նախատեսված արհեստական բանականության համակարգերի զարգացումը։
ԱՄՆ Կոնգրեսի թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական անդամները կոչ են արել խստացնել Չինաստանի հասանելիության վերահսկողությունը առաջադեմ արհեստական բանականության չիպերին, այդ թվում՝ սահմանել չիպերի հետագծման պահանջներ և ուժեղացնել արտահանման նկատմամբ Կոնգրեսի վերահսկողությունը։
Կոնգրեսի հանրապետական երեք հանձնաժողովների նախագահները նոյեմբերի 18-ին Հուանգի հետ հանդիպում և պարզաբանումներ են պահանջել՝ կապված Չինաստանի հետախուզական ծառայությունների ենթադրյալ գործակալի հետ նրա ունեցած կապի մասին հրապարակումների հետ։