2 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի Հանրապետությունն ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ՝ Նիկոսիայում բացելով պատվավոր հյուպատոսություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres-ը։
Բացման արարողությանը մասնակցել են Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը և նրա կիպրոսցի գործընկեր Կոնստանտինոս Կոմբոսը, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և գործարար համայնքի ներկայացուցիչներ ու մոլդովական սփյուռքի անդամներ։
Պատվավոր հյուպատոսությունը կղեկավարի Իոաննիս Գեորգուլասը։ Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան ներկայացուցչության բացման գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Կիպրոսում Մոլդովայի Հանրապետության շահերն առաջ մղելու պատրաստակամության համար։
Նախարարը վստահություն է հայտնել, որ նոր հյուպատոսական գրասենյակը կնպաստի երկու պետությունների միջև երկխոսության ակտիվացմանը, քաղաքացիների միջև շփումների զարգացմանը և նոր տնտեսական հնարավորությունների բացահայտմանը, այդ թվում՝ առևտրի և ներդրումների ոլորտներում։
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ողջունել է Իոաննիս Գեորգուլասի նշանակումը պատվավոր հյուպատոսի պաշտոնում և ընդգծել երկու երկրների միջև առկա լավ հարաբերությունները, այդ թվում՝ Կիպրոսի աջակցությունը Մոլդովայի Հանրապետության եվրոպական ուղուն։
Իր հերթին, Իոաննիս Գեորգուլասը պատրաստակամություն է հայտնել՝ խթանելու մոլդովա-կիպրոսյան համագործակցությունը և նպաստելու Կիպրոսում Մոլդովայի Հանրապետության վերաբերյալ ավելի լավ ընկալման ձևավորմանը։
Բացման արարողությանը հաջորդել է ընդունելություն՝ նվիրված Մոլդովայի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին։ Միհայ Պոպշոյը նաև զրուցել է Կիպրոսում բնակվող Մոլդովայի քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով իշխանությունների կողմից իրականացվող աջակցության քայլերը՝ անկախ այն բանից, թե որ երկրում են նրանք բնակվում։