Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը
3 րոպեի ընթերցում
Առողջապահության նախարարության օպերատիվ աշխատանքային խումբը մոնիթորինգ է իրականացնում՝ հետևելով Ռուսաստանում թոքային ժանտախտի վերաբերյալ հրապարակումներին։ Տեղեկատվության հետագա լրացմանը համապատասխան՝ սահմանված ընթացակարգով կկիրառվեն անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝ Հայաստան ժամանողների նկատմամբ խստացված հսկողություն և ջերմաչափում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին։
Հարությունյանը, անդրադառնալով Ռուսաստանում թոքային ժանտախտի հնարավոր տարածման մասին մտահոգիչ հրապարակումներին, հետաքրքրվեց՝ ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը։
Ավանեսյանը նշեց, որ լուրի հրապարակման առաջին իսկ պահից աշխատանքները կազմակերպվում են հանրային վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների վերաբերյալ հաղորդումների և կասկածների համար նախատեսված ընթացակարգով։
«Պետք է ասեմ, որ արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբը ակտիվ մոնիթորինգ է իրականացնում՝ թե ինչ է հրապարակվում, ինչպիսի տեղեկատվություն է արդեն իսկ հասանելի»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ միջոցառումները կիրառելու ամբողջ գործիքակազմը պատրաստ է։ Նախարարությունը նաև աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և գործընկերների հետ՝ իրավիճակի ամբողջական պատկերը հասկանալու համար։
Ավանեսյանը նշեց, որ թոքային ժանտախտը ծանր հիվանդություն է, որը սերտ շփման պարագայում փոխանցվում է օդակաթիլային եղանակով։ Նրա խոսքով՝ համապատասխան հակաբիոտիկներով ժամանակին բուժում չիրականացնելու դեպքում մահացության ռիսկը բարձր է։
«Մենք շատ ուշադիր և զգոն ենք այս հարցի հետ կապված։ Եվ բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,– ընդգծեց Ավանեսյանը։
Նախարարը հավելեց, որ օպերատիվ աշխատանքային խումբը հետևում է նաև աֆրիկյան որոշ երկրներում էբոլայի բռնկումներին։ Նա այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը կարևորեց զբոսաշրջության և ուղևորափոխադրումների ընդլայնման պայմաններում։