Ֆրանսիական համալսարանի նախաձեռնած «Այլևս երբեք» դասընթացով ուսանողները բացահայտեցին ցեղասպանությունների եզակիությունն ու առանձնահատկությունները

10 րոպեի ընթերցում

Փարիզի Շոայի հուշահամալիրի հետ համագործակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանը սեպտեմբերի 23-24-ին Երևանում անցկացրեց դասընթաց՝ «Այլևս երբեք». համեմատել՝ ավելի լավ եզակիացնելու նպատակով» խորագրով։

Դասընթացի ընթացքում ուսանողները զանգվածային ոճրագործությունները դիտարկեցին պատմական և իրավական տեսանկյուններից՝ ուսումնասիրելով տարբեր ժամանակաշրջանների և դեպքերի օրինակներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, Շոան, եզդիների և Լեռնային Ղարաբաղի դեպքերը։

Դասընթացը նպաստեց պատմական փաստերի քննադատական վերլուծության, ապատեղեկատվության տարբերակման և զանգվածային ոճրագործությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական և Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարը, Շոայի հուշահամալիրի միջազգային հարաբերությունների համակարգող Զելի Դոլը, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Միջոցառման պաշտոնական բացման խոսքում ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին վստահեցրեց, որ դասընթացը թեմայի մասին առավել ընդգրկուն տեղեկություններ ստանալու հիանալի հնարավորություն է։

Նա ուսանողներին հորդորեց չվարանել և անպայման հնչեցնել իրենց հուզող հարցերը։

Ռեկտորը կարծում է՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում շատ կարևոր է Հայաստանում նման նախաձեռնությամբ հանդես գալն ու նման քննարկում կազմակերպելը, քանի որ այն թույլ է տալիս իրերն իրենց անուններով կոչել։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական և Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարն ուրախալի համարեց այն փաստը, որ Հայաստանում կրկին հյուրընկալում են Շոայի հուշահամալիրի ներկայացուցիչներին։ Նա հիշեցրեց, որ հուշահամալիրը Հայաստանի հետ համագործակցում է 2015 թվականից։

«Երկօրյա դասընթացի շրջանակում անդրադարձ կկատարվի շատ հետաքրքիր հարցերի։ Ցեղասպանություններն ուսումնասիրել չի նշանակում լոկ հասկանալ, թե ինչպես են այդ վայրագությունները տեղի ունեցել։ Անհրաժեշտ է հասկանալ նաև պատճառները, որոնք հանգեցրել են այդ ամենին։ Կարծում եմ՝ դա է լինելու երկօրյա քննարկումների առանցքում»,-շեշտեց Ռիշարը։

Շոայի հուշահամալիրի ներկայացուցիչ Զելի Դոլը հինգ տարի աշխատում է հուշահամալիրի միջազգային հարաբերությունների բաժնում։ Ուրախ էր լինել Հայաստանում։

«Մեր նպատակն է անդրադառնալ միջազգային իրավունքին, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչպես են տեղի ունենում զանգվածային հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունը, էթնիկ զտումը և այլն։ Մեր պատմաբանները դասընթացին կոնկրետ դեպքերի ուսումնասիրություններ կներկայացնեն։ Նպատակն է կամուրջներ հաստատել տարբեր իրադարձությունների միջև։ Կարծում եմ՝ շատ կարևոր է իմանալ այդ ամենն ու փորձել համեմատել այդ իրադարձությունները՝ առանց որոշակի հիերարխիա ստեղծելու տառապանքի միջև»,-ասաց Դոլը։

Հրաչյա Թաշչյանն էլ խոստովանեց՝ մինչ դասընթացին գալը խորհել է այն մասին, թե ինչն է առանձնահատուկ ամեն ցեղասպանության մեջ, թե ինչն է միավորում դրանց։ Ըստ նրա՝ բոլոր ցեղասպանությունները եզակի են, ունեն իրենց պատմությունը, նախադրյալները, ուրույն հետևանքները։ Մտածելով Հայոց ցեղասպանության մասին՝ Թաշչյանը միշտ կարծել է, որ հայերի համար Հայոց ցեղասպանության մեջ առանձնակին այն է, ինչը կոչում ենք հայրենազրկում։

«Մեր պարագայում մի ամբողջ քաղաքակրթություն է բնաջնջվել, կամ մի ամբողջ քաղաքակրթություն զրկվել է իր գոյության կարևորագույն նախադրյալներից մեկից՝ բնօրրանից։ Մարդկության քաղաքակրթական պատկերը, գունապնակն ավելի աղքատացել են դրա հետևանքով։ Մեր տարածաշրջանը, այն, ինչն այսօր կոչվում է Անատոլիա և Մերձավոր Արևելք, շատ ավելի հարուստ քաղաքակրթական և մշակութային պատկեր ու դիմագիծ կունենար, եթե այնտեղ ապրեին հույները, հայերը, ասորիները։ Մտածում էի՝ թե ինչն է միավորում ցեղասպանությունները, և եկա այն եզրակացության, որ բոլոր ցեղասպանությունների հետևում ռասիզմն է, այլատյացությունն է։ Բոլորի դեպքում տեղի է ունենում զոհի կամ թշնամու ապամարդկայնացում։ Բոլորի դեպքում կարելի է տեսնել այսպես կոչված բարձրագույն ազգային շահերով հանցագործությունն արդարացնելու ձգտում»,-ասաց նա։

Ըստ նրա՝ ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդներին միավորում է տառապանքը։ Թաշչյանը հիշեց ռուս ականավոր գրող Ֆեոդոր Դոստոևսկուն, որի ստեղծագործություններին բնորոշ է տառապանքի թեման։ Դոստոևսկին գրել է, որ հոգով ազատ մարդը նախընտրում է տառապել, քան դառնալ հանապազօրյա հացի գերին։ «Վստահ եմ, որ բոլոր ցեղասպանությունների պարագայում մարդը նախընտրել է տառապել, բայց չհրաժարվել իր ինքնությունից։ Այդ սկզբունքով են նաև մեր նախնիներն առաջնորդվել Դեր Զոր աքսորի ճանապարհին։ Եթե այդ հարցում սկզբունքային չլինեին, չէին ցեղասպանվի»,-նշեց Թաշչյանն ու հավաստիացրեց, որ ոչ մի ցեղասպանություն իր վերջնանպատակին չի հասել, քանի որ ցեղասպանված բոլոր ժողովուրդները շարունակում են ապրել։

Հրաչյա Թաշչյանի համոզմամբ՝ հայ ժողովրդի, Հայաստանի համար շատ կարևոր է պահպանել անցյալը, պատմական հիշողությունը, իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչված է հետևողականորեն իրականացնել այդ առաքելությունը։

«Մենք ուսումնասիրում ենք Հայոց ցեղասպանությունը, հետազոտություններ ենք անցկացնում Հայոց ցեղասպանության բոլոր ասպեկտների, իրականացման դրդապատճառների, հետևանքների վերաբերյալ։ Ես վստահ եմ, որ այսօրվա Հայաստանը, նայելով անցյալին, հիշելով անցյալը, պահպանելով անցյալի հիշողությունը, պետք է նաև առաջ նայի։ Դրա համար պետք է դրսևորի իմաստություն, խոհեմություն, սառնասրտություն։ Հնարավոր չէ 21-րդ դարում զարգանալ և լինել սրընթաց զարգացող աշխարհի մրցունակ մի մաս, բաղադրիչ և ապրել միայն անցյալով։ Ցեղասպանություններից, ողբերգություններից խուսափելու լավագույն միջոցը ամուր, կայացած, հզոր պետություն ունենալն է, որի համար պետք է նայել դեպի ապագա»,-շեշտեց Թաշչյանը։

Պաշտոնական բացմանը հաջորդեցին տարբեր թեմաներով դասընթացները և աշխատարանները։

Ուսանողները մեծ հետաքրքրությամբ էին լսում բանախոսներին՝ պատրաստ հնչեցնելու իրենց հետաքրքրող մի շարք հարցեր։

Դասընթացի առաջին օրը Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (Inalco) ներկայացուցիչ Էլոդի Գավրիլոֆն ու Շոայի հուշահամալիրի ներկայացուցիչ Հյուբեր Ստրուկը «Եզդիներն ու Լեռնային Ղարաբաղը․ ժամանակակից զանգվածային ոճրագործությունների երկու դեպքերի ուսումնասիրություն» թեմայով աշխատարանի ընթացքում անդրադարձան երկու ժամանակակից դեպքերի առանձնահատկություններին, այնուհետև Հյուբեր Ստրուկը ներկայացրեց տեղեկատվության և ապատեղեկատվության, մասնավորապես՝ կեղծ լուրերի տարբերակմանն ու դրանց ընկալմանն առնչվող հարցերը։ Բրյուսելի ազատ համալսարանի դասախոս Ժոել Կոտեկը ելույթ ունեցավ «Ցեղասպանություն, ապարտեիդ, գաղութատիրական պետություն․ ի՞նչ բառեր ի՞նչ չարիքների համար Մերձավոր Արևելքում» թեմայով՝ քննարկելով տարածաշրջանում այս եզրույթների կիրառման առանձնահատկություններն ու դրանց նշանակությունը։

Դասընթացի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, Ժոել Կոտեկը նաև վարեց աշխատարան՝ «Հակասեմականությունը երեկ և այսօր» թեմայով: Հյուբեր Ստրուկը ուսանողների համար բացահայտեց «Շոայի հիմնական հասկացությունները»՝ ներկայացնելով Հոլոքոստին առնչվող հիմնական եզրույթները և դրանց նշանակությունը։

Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձան Էլոդի Գավրիլոֆը և CESPRA-EHESS-ի ներկայացուցիչ Վենսան Դյուկլերը՝ ներկայացնելով բնաջնջման գործընթացների հիմնական առանձնահատկություններն ու դրանց պատմական համատեքստը։ Վենսան Դյուկլերը նաև ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր և վկայություններ՝ ցույց տալով դրանց կարևորությունը պատմական իրադարձությունների ուսումնասիրության և փաստագրման գործում։

Դասընթացը եզրափակվեց EHESS-ի ներկայացուցիչ Ռիշար Ռեխտմանի առցանց անցկացրած «Դահիճները․ սովորակա՞ն տղամարդիկ և կանայք» աշխատարանով, որի ընթացքում քննարկվեց զանգվածային ոճրագործություններ իրականացնող անձանց վարքագծի և պատասխանատվության հարցը։

Երկօրյա դասընթացի ավարտին ուսանողները ստացան հավաստագրեր՝ նշանավորելով նրանց մասնակցությունը դասընթացին և դրա շրջանակում ձեռք բերած գիտելիքները։

Հայերեն

Արսեն Թորոսյանն ու Միխեիլ Սարջվելաձեն քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնության չեն եկել Կիևին Patriot հրթիռների փոխանցման հարցում. Կալաս

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհեր և վիրավորներ կան

Պայմանագրային զինծառայողի՝ պայթյունի հետևանքով մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ընտրողներին իրական ընտրության հնարավորություն են տվել. ԵԽԽՎ զեկույց

Զովունիում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ

Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար