1 րոպեի ընթերցում
Գյումրիում մեկնարկել են փողոցների միջին նորոգման աշխատանքները՝ քաղաքի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակում։ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում նախատեսվում է ավելացնել ճանապարհաշինական աշխատանքների ծավալները և փուլային եղանակով լուծել քաղաքի ճանապարհային խնդիրները։
Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2026 թվականին նախատեսվում է միջին նորոգման ենթարկել շուրջ 15 կմ ճանապարհահատված՝ միաժամանակ շարունակելով նաև հիմնանորոգման ծրագրերը։ Քաղաքում արդեն իրականացվում են նախատեսված աշխատանքները։ Փողոցներից հեռացվող հին ասֆալտբետոնե շերտը տեղափոխվում և օգտագործվում է այն ճանապարհահատվածներում, որտեղ առաջնահերթ խնդիր է անցանելիության ապահովումը։
«Ծրագրի շրջանակում այս մոտեցումը հնարավորություն է տալիս արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները՝ միաժամանակ բարելավելով քաղաքի տարբեր հատվածների ճանապարհների վիճակը։ Հին ասֆալտբետոնե նյութի կիրառումը թույլ է տալիս ժամանակավոր լուծումներ ապահովել այն փողոցներում, որոնք դեռ չեն ընդգրկվել ամբողջական նորոգման և ասֆալտապատման աշխատանքներում»,-նշեցին մարզպետի աշխատակազմից։