Վենեսուելայի նախագահը խոստացել է երկրում ընտրություններ անցկացնել՝ «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով
3 րոպեի ընթերցում
Delcy Rodríguez, acting president of Venezuela, addresses the 81st session of the United Nations General Assembly at U.N. headquarters Wednesday, Sept. 23, 2026. (AP Photo/Frank Franklin II)
Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ երկիրը «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով ընտրություններ կանցկացնի։ Այդուհանդերձ, նա քվեարկության հստակ ժամկետ չի նշել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես ուզում եմ դա շատ հստակ հայտարարել այս Գլխավոր ասամբլեայում․ Վենեսուելայում ընտրություններ են լինելու», - ասել է Ռոդրիգեսը, որը իշխանության է եկել այն բանից հետո, երբ 2026 թվականի հունվարին ԱՄՆ ուժերը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել էին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
Ռոդրիգեսի խոսքով՝ կառավարությունը բանակցություններ է սկսել ընդդիմության հետ և երաշխավորելու է բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունը։ Նա հավելել է, որ ազգային հաստատությունները նախապատրաստվում են ընտրական գործընթացին։
«Վենեսուելան սկսել է ժողովրդավարական վերափոխման գործընթաց՝ իր վերածննդի համար։ Դրա նպատակն է կառուցել բոլորի համար ավելի ազատ, ավելի բարեկեցիկ և ինքն իր հետ ավելի հաշտ երկիր», - ասել է Ռոդրիգեսը։
Ռոդրիգեսը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Վենեսուելային՝ «անորոշության և հակամարտության փուլից դեպի լիարժեք ժողովրդավարության փուլ» անցնելու գործընթացում։
Վենեսուելայի և ԱՄՆ-ի իշխանությունները նախկինում ևս ընդգծել են ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ առանց ընտրությունների հստակ ժամկետներ սահմանելու։ Ընդդիմությունը նման ընտրությունների անցկացման համար կարևոր պայման է համարում անկախ Գերագույն դատարանի և Ազգային ընտրական խորհրդի ձևավորումը։
Ռոդրիգեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և գովաբանել նրան Վենեսուելայի հետ երկխոսություն վերսկսելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Թրամփն ու Ռոդրիգեսը քննարկել են հարավամերիկյան երկրի՝ միլիարդավոր դոլարների հասնող պետական պարտքի հարցը։ Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հանդես է եկել քաղաքական փոփոխությունների օգտին։
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ նախքան ընտրությունների անցկացումը Վենեսուելան պետք է կայունանա և վերականգնվի տնտեսապես։