1 րոպեի ընթերցում
Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա բնակավայր տանող 335 մետր երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է։ Աշխատանքներն իրականացվում են պետական ծրագրի շրջանակում, որի համար նախատեսվել է 41 միլիոն 947 հազար դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անիի համայնքապետարանից, ճանապարհահատվածը կասֆալտապատվի, իսկ աշխատանքների իրականացման համար նախատեսված է ութ ամիս։
Անիի համայնքապետարանից հայտնեցին նաև, որ ճանապարհի հիմնանորոգմանը զուգահեռ՝ Երերույքի տաճարի հարակից տարածքում՝ Անիպեմզայի քարայր-կացարանների համալիրում շարունակվում են հնագիտական պեղումները։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը համալիրում աշխատանքները սկսել է օգոստոսի 20-ից։ Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել այս ամսվա վերջին, իսկ երկրորդ փուլը կմեկնարկի հոկտեմբերին։