2 րոպեի ընթերցում
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատանքային թիմն ուսուցման ու իրազեկման աշխատանքներ է իրականացրել Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամների համար:
Դասընթացին մասնակցել են նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անիի համայնքապետարանից, նախաձեռնությունն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ: Ծրագրի իրականացմանն աջակցություն է ցուցաբերել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հանդիպումների առանցքում տեղական ինքնակառավարման ոլորտում կարողությունների շարունակական զարգացումն էր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ավագանու անդամների մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը, գործնական հմտությունների զարգացմանը և ինքնուրույն ուսուցման հնարավորությունների ընդլայնմանը։
Ծրագրի փորձագետները ներկայացրել են նախաձեռնության նախապատմությունը և իրականացման տրամաբանությունը։ Ընդգծվել է, որ գործընթացը կառուցվել է փուլային և համակարգված մոտեցմամբ՝ ներառելով համայնքների կարիքների գնահատումը, կարողությունների զարգացման առաջնահերթությունների սահմանումը, գենդերային ներառման սկզբունքների կիրառումը և ուսուցման համապատասխան մոդուլների մշակումը։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև մշակված ուսումնական բովանդակության հասանելիության ապահովումը դասընթացից հետո։
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն իր հերթին բարձր է գնահատել ուսուցման ու իրազեկման այսօրինակ աշխատանքային հանդիպումները՝ նշելով, որ նախաձեռնությունը կարևոր ներդրում է տեղական ինքնակառավարման համակարգում ավագանու անդամների մասնագիտական կարողությունների ամրապնդման գործում։