Ամասիա համայնքի բնակավայրերում մեկնարկել են գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ
2 րոպեի ընթերցում
Շիրակի մարզի Ամասիա համայնքի վեց բնակավայրերում՝ Հովտուն, Գտաշեն, Բյուրակն, Ողջի, Ալվար և Գառնառիճ, մեկնարկել են գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման լայնածավալ աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամասիայի համայնքապետարանից, ծրագրի շրջանակում նախատեսվում է տեղադրել 230 հենասյուն և լեդ լուսավորության լամպ՝ ապահովելով 7,6 կմ ընդհանուր երկարությամբ լուսավորված տարածք։ Աշխատանքները սկսվել են Հովտուն բնակավայրից, որտեղ իրականացվում են հենասյուների տեղադրման համար անհրաժեշտ հիմքերի փորման գործընթացները:
Ծրագրի պաշտոնական մեկնարկին ներկա են գտնվել Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, ինչպես նաև «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի (R2E2) տնօրեն Կարեն Ասատրյանը, հիմնադրամի այլ ներկայացուցիչներ և ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունների պատասխանատուներ: Այցի շրջանակում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների մասնակիցներն անդրադարձել են նախաձեռնության մանրամասներին, համայնքում առկա և նախատեսվող աշխատանքների ծավալներին, ինչպես նաև հստակեցվել են հետագա համագործակցությանն ու կազմակերպչական հարցերին վերաբերող մի շարք կարևոր դրույթներ:
Նշված ենթակառուցվածքային ծրագիրն իրականացվում է R2E2 հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ, GIZ-ի «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի ներքո։