2 րոպեի ընթերցում
ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված պետական պատվերի շրջանակում Ազգային բժշկական պալատի ներկայացուցիչներն առաջիկա 15 օրերի ընթացքում Գյումրիի բժշկական կենտրոնում կվերապատրաստեն Շիրակի մարզի տարբեր բժշկական կազմակերպությունների միջին օղակի բուժաշխատողներին։ Վերապատրաստումներին կմասնակցեն նաև Գյումրիի բժշկական կենտրոնի միջին օղակի այն բուժաշխատողները, որոնք առաջիկայում ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով ունեն շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրերին մասնակցելու և համապատասխան կրեդիտներ կուտակելու անհրաժեշտություն։
«Անցած տարի մեր բուժհաստատությունից 100 բուժաշխատող էր մասնակցել, այս տարի ևս նույնքան մասնակիցներ ներգրավված են, կան նաև մասնակիցներ այլ հաստատություններից: Գործընթացը շարունակական է և իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։ Առաջիկա օրերին մասնակիցները կզարգացնեն պացիենտների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև բուժաշխատողների միջև արդյունավետ հաղորդակցության հմտությունները։ Դասընթացները ներառում են նաև գործնական առաջադրանքներ, խմբային աշխատանքներ և մասնագիտական իրական իրավիճակների քննարկումներ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը։
Մարզերում արտագնա ձևաչափով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող նման թիրախային վերապատրաստումները կարևոր աջակցություն են մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատող բուժաշխատողների համար՝ հնարավորություն տալով անհրաժեշտ գիտելիքներն ու ՇՄԶ կրեդիտները ստանալ հենց իրենց մարզում՝ առանց աշխատանքից երկարատև կտրվելու և հավելյալ գումարներ ծախսելու։