Գյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնը

3 րոպեի ընթերցում

Գյումրիի կենտրոնական զբոսայգում օգոստոսի 20-ին տեղի ունեցած Գյումրիի պետական փողային նվագախմբի համերգով պաշտոնապես եզրափակվեց «Gyumri Art Week» ժամանակակից արվեստի ամենամյա միջազգային փառատոնի հոբելյանական՝ 5-րդ փառատոնը։

Միջոցառումը կազմակերպվել էր Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի համագործակցությամբ։

Այս տարի փառատոնն անցկացվել է «Քաղաքը և ժամանակը» խորագրով՝ անդրադառնալով քաղաքին որպես տարածքի, որտեղ անցյալը, ներկան և ապագան հատվում են և շարունակաբար վերաձևավորում միմյանց։

Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համայնքապետարանը որոշել էր փառատոնին միանալ քաղաքի ամենահին փողային նվագախմբի ելույթով՝ համերգը վերնագրելով «Ժամանակի ձայնը»։

Համերգը նվիրված էր Գյումրիի պետական փողային նվագախմբի հիմնադրման 55-ամյակին և «Gyumri Art Week» ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի 5-րդ տարեդարձին։

«Art Week-ը արվեստային փառատոն է, որն իր հետ Գյումրի է բերում արվեստագետների և միավորում արվեստի հարյուրավոր ներկայացուցիչների։ Սա միաժամանակ փառատոնի հանդիսավոր փակման միջոցառումն է և նվագախմբի կարևոր համերգային ծրագրերից մեկը։ Գյումրիի պետական փողային նվագախումբը հարուստ պատմություն ունի և տարիների ընթացքում մշտապես եղել է քաղաքի կյանքի անբաժան մասը»,- ընդգծեց Լիլիթ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնությամբ փորձ է արվում վերականգնել Գյումրիի այն ավանդույթը, երբ կենտրոնական զբոսայգում պետական փողային նվագախմբի ելույթների ժամանակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը հավաքվում էին միասին ժամանակ անցկացնելու։

5-րդ հոբելյանական փառատոնն այս տարի Գյումրիում անցկացվել է օգոստոսի 8-20-ը։ Այն հյուրընկալել է արվեստագետների Հայաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Նիդեռլանդներից, Կանադայից, Վրաստանից և այլ երկրներից։

«Gyumri Art Week»-ի համադրող Սարգիս Հովհաննիսյանի խոսքով՝ հինգ տարի առաջ փառատոնը մեկնարկել էր որպես գաղափար՝ ստեղծելու միջազգային հարթակ, որտեղ ժամանակակից արվեստը կհանդիպի Գյումրիին, իսկ Գյումրին՝ աշխարհին։

«Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այդ գաղափարն իրականություն է։ Փառատոնը միավորում է արվեստագետների, համադրողների, ճարտարապետների և այլ մասնագետների, որոնք մեկ շաբաթ շարունակ Գյումրի քաղաքը դարձնում են համաշխարհային արվեստի երկխոսության կարևոր կանգառ»,- նշեց նա։

Սարգիս Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ արտերկրից ժամանած հյուրերն արդեն սկսել են հրապարակումներ և հոդվածներ պատրաստել Գյումրիի ու քաղաքի հայտնի արվեստագետների մասին։

Հայերեն English