1 րոպեի ընթերցում
Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում կառուցվող նոր միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքներն ավարտական փուլ են: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Ամասիայի համայնքապետարանից, հիմա ընթանում են դպրոցի բակի բարեկարգման, մայթերի կառուցման, ինչպես նաև ներքին հարդարման աշխատանքներ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվող մոդուլային տիպի նոր դպրոցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 717 միլիոն դրամ, որը հատկացրել է ՀՀ կառավարությունը: Կրթօջախը նախատեսված է 100 աշակերտի համար, որտեղ կսովորեն նաև հարևան 8 բնակավայրերի երեխաները:
Ամասիայի համայնքապետարանից տեղեկացնում են նաև, որ «Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի 4-րդ եռամսյակում։
Բերդաշեն գյուղը մոտ 10 տարի առանձնացված դպրոցական շենք չի ունեցել. նախկին շենքում բռնկված հրդեհից հետո ուսումնական հաստատությունը ժամանակավորապես տեղակայվել էր բնակավայրի վարչական շենքում: