Վանաձորում կասեցվել է լիմոնադի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Վանաձորում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Հարատիդ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում, որտեղ արտադրվում են «Հարատիդ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքներ։

Տեսչական մարմնի վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների պատերի որոշ հատվածներում առկա է եղել բորբոս։

Խախտումներ են արձանագրվել նաև առաստաղների վիճակում․ որոշ հատվածներ չեն համապատասխանել սահմանված պահանջներին՝ առկա է եղել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու վտանգ։

Բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող շշալցման վաննաները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ դրանց վերացման համար սահմանվել է ժամկետ։

Հայերեն