1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Հայրավանք բնակավայրում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարահիգիենիկ մի շարք խախտումների պատճառով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել անհատ ձեռնարկատեր Հասմիկ Հովհաննիսյանին պատկանող «Լևագե» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասում, որի ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության համար անընդունելի սանիտարահիգիենիկ պայմաններ։
Մասնավորապես, արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Արտադրամասի առաստաղները նույնպես չեն համապատասխանել սահմանված պահանջներին․ դրանք չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև նպաստել են խոնավության խտացմանը։
Բացի այդ, արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան և սանհանգույց։
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։