1 րոպեի ընթերցում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Տարոն ջուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Արտադրամասը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և արտադրում է «Մեն» ապրանքանիշի ըմպելիքներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողական միջոցառումների ընթացքում արտադրամասում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության պահանջների մի շարք խախտումներ։
Մասնավորապես, արտադրամասի պատերի որոշ հատվածներում հայտնաբերվել է բորբոս, առաստաղի առանձին հատվածները չեն համապատասխանել սանիտարահիգիենիկ պահանջներին՝ ստեղծելով կեղտի կուտակման և մասնիկների թափվելու վտանգ, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն, գործիքներն ու պարագաները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի որոշմամբ՝ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ընկերությանը սահմանվել է համապատասխան վերջնաժամկետ։