Հայաստանը սպասում է Թուրքիայի հետ սահմանի բացման պայմանավորվածության իրագործմանը. Ռուբինյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուն և սպասում է Թուրքիայի կողմից պայմանավորվածության իրագործմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ասել է ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Խամոյանը հետաքրքրվել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին հինգ տարիների ընթացքում ինչ արդյունքներ են գրանցվել և ինչու 2022 թվականին ձեռք բերված՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը չի իրականացվել։

«Այս գործընթացը, որը Հայաստանի պատմության մեջ չորրորդն է, եթե չեմ սխալվում, սկիզբ է առել 2021 թվականի դեկտեմբերին, առաջին հանդիպումն էլ ունեցել ենք 2022 թվականի սկզբին։ Կան մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրագործվել են, և պայմանավորվածություններ, որոնք սպասում են իրենց իրագործմանը»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ իրականացված պայմանավորվածություններից է Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթների վերականգնումը։

«2022 թվականի դրությամբ դրանք մի քանի տարի արդեն չէին գործում, իսկ հետագայում՝ վերջերս, այդ չվերթների թիվն ավելացավ։ Իրագործված պայմանավորվածություններից էր նաև երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների հնարավորության ստեղծումը»,- նշել է նա։

Ռուբինյանը հայտնել է նաև, որ հնարավորություն է ստեղծվել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի համար։

«Մինչև վերջերս, օրինակ, Հայաստանից Թուրքիա որևէ բան արտահանելու կամ Թուրքիայից Հայաստան որևէ բան ներկրելու համար դա մաքսային իմաստով ձևակերպվում էր Վրաստանի տարածքով, հետո վերաձևակերպվում։ Մոտ մեկ-երկու ամիս առաջ թուրքական կողմը վերացրեց այդ արգելքը»,- ասել է նա։

ԱԺ նախագահի թեկնածուի խոսքով՝ կարևոր զարգացում է նաև Հայաստանի տնտեսվարողների համար Ախալքալաք-Կարս երկաթուղուց օգտվելու հնարավորության ստեղծումը։

«Սկզբում Ադրբեջանի տարածքով հայկական կողմի համար երկաթուղային տարանցման արգելքը վերացվեց, իսկ հիմա՝ նաև Թուրքիայի տարածքով։ Դա հնարավորություն է ստեղծում մեր տնտեսվարողների համար հասանելիություն ստանալ թե՛ Թուրքիայի շուկային, թե՛ Թուրքիայի տարածքով Եվրամիության և նույնիսկ Սիրիայի շուկաներին։ Սա շատ կարևոր զարգացում է»,- ընդգծել է Ռուբինյանը։

Նա հայտնել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ։

Ագնեսա Խամոյանը, արձագանքելով Ռուբինյանի պատասխանին, նշել է, որ հիմնական հարցը Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն է, որը դեռ չի լուծվել։

«2022 թվականին մեծ շուքով հայտարարեցիք, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացվելու է։ Այդ պայմանավորվածությունն ինչո՞ւ կյանքի չի կոչվել։ Ինչո՞ւ չեք կարողացել համաձայնության հասնել սահմանի բացման մասով»,- հարցրել է Խամոյանը։

Ռուբինյանը հայտնել է, որ Հայաստանն ու Թուրքիան աշխատանքային խումբ են ստեղծել Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և վերագործարկման տեխնիկական պահանջները քննարկելու համար։

«Երկու կողմերն արտգործնախարարությունների մակարդակով հայտարարել են, որ սա է նպատակը, և ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ասեմ ավելին՝ Թուրքիան արդեն սկսել է վերականգնողական աշխատանքները Գյումրի-Կարս երկաթուղու իր հատվածում՝ մինչև Հայաստանի սահմանը»,- ասել է Ռուբինյանը։

Անդրադառնալով երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանը բացելու պայմանավորվածությանը՝ նա նշել է, որ հայկական կողմի ենթակառուցվածքները վաղուց պատրաստ են։

«Թուրքական կողմն էլ վերջերս ավարտել է իր ենթակառուցվածքների վերանորոգումն ու վերականգնումը, և մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը»,- եզրափակել է Ռուբինյանը։

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe 中文

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետ տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ

Նիկոլ Փաշինյանը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի է մասնակցել

Վրաստանը լավատեսությամբ է սպասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը. Կոբախիձե

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հիշատակը

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից

Դավիթ Ղազինյանը ներկայացրել է, թե որ դեպքում են պատրաստ նոր խորհրդարանում համագործակցել իշխող ուժի հետ

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

ՔՊ-ն ՀՀ նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը

Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 90-ի