Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ հրադադարի և նախատեսում է հարյուր հազարավոր զինվորների մոբիլիզացնել և նրանց ուղարկել ռազմաճակատ, ինչը լուրջ վտանգ կներկայացնի Ուկրաինայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Sky News-ի հետ հարցազրույցում:

«Պուտինը պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը: Ես հետախուզությունից զեկույց եմ ստացել. նա պատրաստվում է մոբիլիզացիայի: Նա ցանկանում է դա անել սեպտեմբերի 21-ին կայանալիք (խմբ.՝ Պետդումայի) ընտրություններից հետո», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ դա չի արվի բացահայտ կերպով, քանի որ Պուտինը վախենում է հասարակությունից:

Զելենսկու խոսքով՝ ՌԴ-ն նախատեսում է մոբիլիզացնել 300-500 հազար մարդ, ինչը «մեծ խնդիր կդառնա» Ուկրաինայի համար:

Դա կանխելու համար, Զելենսկու խոսքով, հարկավոր է խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար լոգիստիկայի, սպառազինության, բենզինի, դիզելային վառելիքի հարցերում, ինչպես նաև համարժեք պատժամիջոցների կիրառմամբ:

Զելենսկին ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր համոզմամբ՝ Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը միայն այն դեպքում, եթե պարտվի:

«Մենք փորձել ենք այնպես անել, որ այդ մարտահրավերը զգան նաև ռուսաստանցիները, հակառակ դեպքում նրանք չեն զգա, որ պատերազմն ամենուր է, - նշել է Ուկրաինայի նախագահը: - Հենց այդ պատճառով մենք սկսեցինք անել ամեն բան, որպեսզի պատասխանենք և այս պատերազմը վերադարձնենք Ռուսաստան, որտեղից այն եկել է մեզ մոտ.... Ահա թե ինչու մենք սկսեցինք միջին և մեծ հեռահարության գործողություններ»:

Զելենսկին ասել է, որ այժմ ցանկանում է կապվել ԱՄՆ նախագահի և այլ դաշնակից երկրների ղեկավարների հետ և նրանց խնդրել գումար և զենք տրամադրել Ուկրաինան պաշտպանելու համար, ինչպես նաև շարունակել պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:

Զելենսկին շեշտել է, որ հակաօդային պաշտպանությունը մնում է առաջնահերթություն, քանի որ Ռուսաստանն ակտիվացնում է բալիստիկ հրթիռների օգտագործումը խոշոր քաղաքները թիրախավորելու համար:

«Մենք բավարար հրթիռներ չունենք պաշտպանվելու համար, սա խնդիր է: Չկան բավարար պատժամիջոցներ Ռուսաստանի ռազմական արտադրության նկատմամբ. նրանք կարող են մեծացնել բալիստիկ հրթիռների արտադրությունը, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է հակաօդային պաշտպանություն, որքան հնարավոր է շուտ», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա հավելել է, որ ուկրաինացիները շատ ուժեղ են, բայց միաժամանակ հոգնել են երկարատև պատերազմից:

Հայերեն Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը