Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին
11 րոպեի ընթերցում
Ամառը հանգստի, ճանապարհորդությունների և բացօթյա ակտիվ կյանքի շրջան է, սակայն հենց այս սեզոնին զգալիորեն աճում է նաև վարակիչ հիվանդությունների տարածման վտանգը։ Վերջին շրջանում արձանագրված աղիքային վարակների և սննդային թունավորումների դեպքերը ևս մեկ անգամ հիշեցնում են, որ նույնիսկ ամենապարզ անուշադրությունը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։
Ինչպե՞ս պաշտպանվել ամռանը տարածված վարակներից, ինչպե՞ս տարբերել սննդային թունավորումը աղիքային վարակից, ե՞րբ է անհրաժեշտ անհապաղ դիմել բժշկի, որքանո՞վ են անվտանգ լողավազաններն ու ճանապարհորդությունները, ինչո՞ւ չի կարելի ինքնուրույն հակաբիոտիկներ ընդունել և որո՞նք են այն ամենատարածված սխալները, որոնք մարդիկ կրկնում են ամառվա ընթացքում։ Այս և բազմաթիվ այլ կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Վիգեն Ասոյանի հետ։
- Ամռան ամիսներին արդյո՞ք ինֆեկցիոն կլինիկայում դիմելիությունն ավելանում է։ Ի՞նչ գանգատներով և խնդիրներով են հիմնականում դիմում բուժառուներն այս շրջանում։
-Այո՛, ամռանը ինֆեկցիոն կլինիկայում դիմելիությունը զգալիորեն ավելանում է։ Դա պայմանավորված է բարձր ջերմաստիճանով, սննդամթերքի ավելի արագ փչացմամբ, բացօթյա սնվելու և ճանապարհորդությունների հաճախացմամբ։ Ամենից հաճախ դիմում են ստամոքսաղիքային գանգատներով՝ փորլուծություն, փսխումներ, որովայնային ցավ, ջերմության բարձրացում և ջրազրկման նշաններ։ Նաև այս շրջանում ավելի հաճախ են հանդիպում միջատների և տզերի խայթոցներով փոխանցվող որոշ վարակներ։
-Որո՞նք են ամռանն առավել տարածված վարակները, և ինչո՞վ է պայմանավորված դրանց ակտիվացումը հենց այս սեզոնին։
-Ամռանն առավել տարածված են սուր աղիքային վարակները՝ թե՛ վիրուսային, թե՛ բակտերիալ ծագման։ Բարձր ջերմաստիճանը նպաստում է մանրէների արագ բազմացմանը, իսկ սննդամթերքի պահպանման կանոնների խախտումը մեծացնում է վարակման ռիսկը։ Բացի այդ, մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում բնության մեջ, լողավազաններում և ճանապարհորդում են, ինչի հետևանքով մեծանում է նաև տզերի միջոցով փոխանցվող որոշ վարակների ձեռքբերման ռիսկը։
-Ամռանը հաճախ են հանդիպում աղիքային վարակներ։ Որո՞նք են դրանց հիմնական պատճառները, և ի՞նչ սխալներ են մարդիկ հաճախ անում, որոնք հանգեցնում են վարակման։
-Հիմնական պատճառներն են ոչ ճիշտ պահպանված սնունդը, չլվացված մրգերն ու բանջարեղենը, աղտոտված ջուրը և ձեռքերի ոչ բավարար հիգիենան։ Ամենատարածված սխալներից են շոգին երկար ժամանակ սենյակային պայմաններում պահված սնունդ օգտագործելը, ինչպես նաև դրսից սնունդ գնելը՝ առանց դրա անվտանգության մեջ վստահ լինելու։
-Ինչպե՞ս տարբերել սովորական սննդային թունավորումը աղիքային վարակից։ Որո՞նք են այն նշանները, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
-Սննդային տոքսիկոինֆեկցիայի դեպքում ախտանշանները սովորաբար սկսվում են կասկածելի սնունդ օգտագործելուց մի քանի ժամ անց, և հաճախ գերակշռում են սրտխառնոցն ու փսխումը։ Աղիքային վարակների դեպքում ավելի հաճախ հանդիպում են ջերմություն, արտահայտված փորլուծություն և երբեմն՝ արյան ու լորձի առկայություն։ Եթե առկա է բարձր ջերմություն, բազմակի փսխումներ, ուժեղ որովայնային ցավ, արյունային փորլուծություն կամ արտահայտված ջրազրկում, անհրաժեշտ է դիմել բժշկի։
-Փորլուծությունը, փսխումը, որովայնային ցավը և ջերմությունը միշտ վարակայի՞ն պատճառ ունեն, թե՞ կարող են կապված լինել նաև այլ խնդիրների հետ։
-Ոչ, այս ախտանշանները միշտ չէ, որ վարակային ծագում ունեն։ Դրանք կարող են հանդիպել որոշ վիրաբուժական հիվանդությունների՝ ապենդիցիտի, լեղապարկի բորբոքման, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, աղիների բորբոքային հիվանդությունների կամ նույնիսկ որոշ նյութափոխանակային խանգարումների դեպքում։ Այդ պատճառով կարևոր է չզբաղվել ինքնաբուժությամբ և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։
-Եթե մարդն ունի բարձր ջերմություն, թուլություն, փորլուծություն կամ փսխում, ի՞նչ առաջին քայլեր պետք է անել մինչև բժշկին դիմելը։
-Առաջին հերթին անհրաժեշտ է կանխել ջրազրկումը՝ հաճախակի և փոքր կումերով հեղուկ ընդունելով։ Լավագույն տարբերակը աղային լուծույթներն են։ Պետք է խուսափել ծանր սննդից, ապահովել հանգիստ և չսկսել հակաբիոտիկներ ընդունել առանց բժշկի նշանակման, քանի որ ոչ բոլոր դեպքերում են դրանք անհրաժեշտ։
-Ո՞ր ախտանշանների դեպքում չի կարելի սպասել, ինքնաբուժությամբ զբաղվել, և անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։
-Անհապաղ բժշկական օգնություն է անհրաժեշտ, եթե առկա է 39°C-ից բարձր, չիջնող ջերմություն, արյունային լուծ, բազմակի փսխումներ, արտահայտված ջրազրկում, ուժեղ որովայնային ցավ, գիտակցության խանգարում կամ շնչառության դժվարացում։ Առանձնահատուկ զգոնություն է պետք երեխաների, տարեցների, հղիների և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց դեպքում։
-Ամռանը հաճախ են հանդիպում նաև վիրուսային վարակներ։ Ինչպե՞ս տարբերել սովորական մրսածությունն ավելի լուրջ վիրուսային վարակներից, և ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի։
-Սովորական վիրուսային վարակների դեպքում վիճակը սովորաբար բարելավվում է մի քանի օրում։ Եթե բարձր ջերմությունը պահպանվում է, զարգանում է շնչարգելություն, կրծքավանդակի ցավ, արտահայտված թուլություն կամ ընդհանուր վիճակը վատանում է, անհրաժեշտ է բժշկական գնահատում՝ բարդությունները բացառելու համար։
-Շատերը վիրուսային հիվանդությունների դեպքում ինքնուրույն սկսում են հակաբիոտիկներ ընդունել։ Որքանո՞վ է վտանգավոր հակաբիոտիկների անհարկի օգտագործումը։
-Սա ամենատարածված սխալներից մեկն է։ Հակաբիոտիկները վիրուսների վրա ազդեցություն չունեն։ Դրանց անհարկի օգտագործումը նպաստում է հակամանրէային կայունության զարգացմանը, մեծացնում է կողմնակի ազդեցությունների ռիսկը և կարող է վնասել աղիքային նորմալ միկրոֆլորան։ Հակաբիոտիկը պետք է նշանակվի միայն բժշկի կողմից։
-Ամռանը շատ մարդիկ մեկնում են հանգստի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկիր։ Հանգստից կամ ճանապարհորդությունից վերադառնալուց հետո ի՞նչ խնդիրներով են հաճախ դիմում ինֆեկցիոնիստին։
-Ամենահաճախ հանդիպում են ճանապարհորդների փորլուծությունը, տարբեր աղիքային վարակները և, որոշ դեպքերում, արտերկրից բերովի վարակները՝ մալարիա, հեպատիտ A, դենգե տենդ։ Եթե ճանապարհորդությունից հետո զարգանում է բարձր ջերմություն, հատկապես արևադարձային երկրից վերադառնալուց հետո, անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկի և նշել այցելած երկիրը։
-Ի՞նչ խորհուրդներ կտաք ճանապարհորդող մարդկանց՝ վարակներից խուսափելու համար։
-Օգտագործեք միայն անվտանգ խմելու ջուր, ընտրեք լավ ջերմային մշակում անցած սնունդ, հաճախ լվացեք ձեռքերը, օգտագործեք միջատներից պաշտպանող միջոցներ և մինչև ճանապարհորդությունը տեղեկացեք տվյալ երկրի պատվաստումների և առողջական ռիսկերի մասին։
-Ամռանը սննդի անվտանգությունը շատ կարևոր է։ Ինչպե՞ս ընտրել անվտանգ սնունդ, և ո՞ր մթերքներից է ցանկալի խուսափել հատկապես շոգ եղանակին։
-Նախընտրեք թարմ պատրաստված և ճիշտ պահպանված սնունդ։ Խուսափեք շոգին երկար պահված մսամթերքից, կաթնամթերքից, կրեմով հրուշակեղենից և ոչ վստահելի վայրերում վաճառվող պատրաստի սննդից։ Միշտ ուշադրություն դարձրեք պահպանման պայմաններին և պիտանելիության ժամկետին։
-Լողավազանները և ջրային տարածքներն ամռան անբաժան մասն են։ Ի՞նչ վարակներ կամ առողջական խնդիրներ կարող են փոխանցվել ջրի միջոցով, այդ թվում՝ ջուր կուլ տալու հետևանքով։
-Աղտոտված ջուրը կարող է փոխանցել աղիքային վիրուսներ և բակտերիաներ, ինչպես նաև առաջացնել ականջի, աչքի և մաշկի որոշ վարակներ։ Ջուր կուլ տալու դեպքում մեծանում է աղիքային վարակների վտանգը, հատկապես եթե ջրի որակը պատշաճ չի վերահսկվում։
-Ինչպե՞ս պաշտպանվել լողավազաններում, բաց ջրերում կամ ծովում հնարավոր վարակներից։
-Լողացեք միայն անվտանգ և վերահսկվող վայրերում, հնարավորինս խուսափեք ջուր կուլ տալուց, լողից հետո ցնցուղ ընդունեք, իսկ բաց վերքերի դեպքում մինչև ապաքինվելը մի մտեք ջուրը։ Եթե ջուրը տեսանելիորեն աղտոտված է, ավելի լավ է խուսափել այնտեղ լողալուց։
-Միջատների խայթոցները նույնպես հաճախ են հանդիպում ամռանը։ Ո՞ր դեպքերում կարող են դրանք վտանգավոր լինել, և ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի։
-Հայաստանում առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել տզերի խայթոցներին։ Դրանք կարող են փոխանցել Լայմի հիվանդություն և տզերով փոխանցվող որոշ այլ վարակներ, թեև նման դեպքերը հաճախակի չեն։ Եթե խայթոցից հետո առաջանում է օղակաձև կարմրություն, բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ կամ ընդհանուր վատ ինքնազգացողություն, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Իսկ եթե խայթոցից հետո զարգանում է ալերգիկ ռեակցիա՝ դեմքի այտուց կամ շնչառության դժվարացում, անհրաժեշտ է անհապաղ բժշկական օգնություն։
-Ի՞նչ երեք հիմնական խորհուրդ կտաք ամառը անվտանգ անցկացնելու համար։
-Եթե երեք հիմնական խորհուրդ պետք է առանձնացնեմ, ապա դրանք կլինեն․
• Պահպանեք ձեռքերի, սննդի և խմելու ջրի հիգիենան։
• Օգտագործեք միայն անվտանգ սնունդ, բավարար քանակությամբ հեղուկ և խուսափեք շոգին երկար պահված մթերքներից։
• Ինքնաբուժությամբ մի զբաղվեք, հատկապես հակաբիոտիկներով, և եթե բարձր ջերմությունը, փորլուծությունը կամ ընդհանուր վատ ինքնազգացողությունը պահպանվում են, ժամանակին դիմեք բժշկի։ Այս պարզ կանոնների պահպանումը զգալիորեն նվազեցնում է ամռանը հանդիպող վարակների մեծ մասի ռիսկը։