Հայաստան

Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է

2 րոպեի ընթերցում

Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է

Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված իգական սեռի նորածինը շտապօգնության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից տեղեկացնում են, որ նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ նեոնատոլոգ Լ. Ս. Վարդապետյանի կողմից երեխայի վիճակը գնահատվել է ծանր։

«Նորածնի մարմնի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան Ցելսիուս, արձանագրվել է նաև շնչառական խանգարումների կլինիկա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել է մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն՝ Bubble CPAP համակարգի միջոցով, նշանակվել են համապատասխան հետազոտություններ և բուժում։ Նորածնի քաշը 2550 գրամ է, հասակը՝ 48 սմ։ Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը»,-հայտնում են ծննդատնից։

Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 10-ին,  ժամը 20:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին ու շտապօգնության ծառայությանը։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում