Փոխպատվաստված խոզի երիկամը հիվանդի օրգանիզմում գործել է ռեկորդային 271 օր
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Մասաչուսեթսի Ջեներալ Բրիգամ հիվանդանոցի թիմը հայտնել է, որ խոզից փոխպատվաստված երիկամը 66-ամյա Թիմ Էնդրյուսի օրգանիզմում գործել է 271 օր, ինչն ամենաերկարն է գրանցված դեպքերի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Հիվանդը նշել է, որ փոխպատվաստումն իրեն հույս է տվել և խնայել ամիսներ շարունակ հիվանդանոց գնալու անհրաժեշտությունն՝ արյունը դիալիզի սարքի միջոցով զտելու համար։

Բժիշկները նշել են, որ իրենց աշխատանքը ցույց է տալիս, որ խոզի օրգանները կարող են օգտագործվել որպես «կամուրջ»՝ մինչև մարդու օրգան հասանելի դառնա փոխպատվաստման համար։

Սակայն խոզի երիկամի արյան անոթները մոտ 6 ամիս անց սկսել են վնասվել, և այն հեռացվել է, ուստի Էնդրյուսին անհրաժեշտ է եղել կարճատև դիալիզ՝ նախքան դոնոր գտնելը։

Բժիշկներն ու գիտնականներն ուսումնասիրում են քսենոտրանսպլանտացիան՝ այլ տեսակների օրգանների օգտագործումը՝ փոխպատվաստման համար օրգանների պակասի պատճառով։ Խոզերը համարվում են քսենոտրանսպլանտացիայի համար իդեալական կենդանիներ: Նրանց օրգանները համապատասխան չափի են, և դրանց բուծման տարիների փորձ կա։
Հետազոտողները մշակել են Յուկատանի միկրո-խոզեր, որոնք ենթարկվել են 69 գենոմային մոդիֆիկացիայի՝ նրանց օրգանները մարդկանց օրգանիզմին հարմարեցնելու համար։
ԱՄՆ-ում մոտ 100 000 մարդ սպասում է երիկամի, մինչդեռ ամեն տարի կատարվում է ընդամենը 25 000 փոխպատվաստում։ Մեծ Բրիտանիայում երիկամների փոխպատվաստման ցուցակում ընդգրկված է ավելի քան 7000 մարդ։