Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցը Իսրայել. ԶԼՄ-ներ
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իրանի հետ հարվածների վերջին փոխանակումից հետո չեղարկել է հուլիսի 8-ին Իսրայել նախատեսված այցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։
Պաշտոնյան հաստատել է, որ այցի ընթացքում Հեգսեթը պետք է հանդիպեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նա, սակայն, չի պարզաբանել այցի չեղարկման պատճառը։
Հեգսեթի այցի չեղարկման մասին հաղորդում է նաև BBC-ն։
Պենտագոնի ղեկավարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին Թուրքիայում է, որտեղ հուլիսի 7-8-ն անցկացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Իսրայել նրա այցը պաշտոնապես չեն հաստատել ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իսրայելը։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ հուլիսի 8-ին Հեգսեթի այցը նպատակ ուներ մեղմել Իսրայելի մտահոգությունները Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել էր, որ Անկարային առաջադեմ ինքնաթիռների տրամադրումը «կխաթարի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը»՝ թուլացնելով Իսրայելի ռազմական առավելությունը։
Ի պատասխան դրա՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Նեթանյահուի հայտարարություններն անվանել է «ապատեղեկատվական արշավ», որը նախատեսված է Թուրքիայի պաշտպանական պահանջները խաթարելու և տարածաշրջանային հակամարտություններից ուշադրությունը շեղելու համար։