3 րոպեի ընթերցում
Գյումրիի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում, որը շահագործման է հանձնվել դեռևս 2006 թվականին և տարիներ շարունակ գտնվել է անմխիթար վիճակում, այժմ լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրիի համայնքապետարանից, ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեից հատկացված 117 միլիոն դրամի շրջանակում՝ նպատակ ունենալով ամբողջությամբ արդիականացնել շենքի տեխնիկական ենթակառուցվածքներն ու արտաքին տեսքը։
Համայնքապետարանից նշեցին նաև, որ մարզադպրոցի պատերի հին և քայքայված ծեփն ամբողջությամբ հեռացվել է, իսկ առաստաղի մետաղական կոնստրուկցիաների ժանգոտ հատվածների մաքրման, ժանգաթափման և ներկման աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտվել է։ Առաջիկա օրերին կմեկնարկի նաև արտաքին մեծ պատուհանների տեղադրումը, որից հետո շինարարները կանցնեն ներքին հարդարման աշխատանքներին։
Հիմնական ավազանից արդեն հեռացվել են հին կերամիկական սալիկները։ Ակտիվ փուլում են նաև հանդերձարանների սալիկապատման աշխատանքները, իսկ ցնցուղարաններում անվտանգության նկատառումներով կտեղադրվեն հակասայթաքող սալիկներ։
Շինարարության ամենաբարդ և պատասխանատու հատվածներից մեկը լողավազանի օդափոխության և ջեռուցման համակարգերի ամբողջական արդիականացումն է։ Տարիներ շարունակ չգործող համակարգի պատճառով դահլիճում մշտապես բարձր խոնավություն և կաթոցներ էին առաջանում։ Այժմ, մասնագետների ներգրավմամբ, տեղադրվել են ժամանակակից օդափոխման սարքավորումներ, որոնք կապահովեն տաք օդի և գոլորշու արդյունավետ հեռացումը։ Ձմռանը դրսից ներթափանցող սառը օդը նախապես կտաքացվի, այնուհետև միայն կմատակարարվի ներս, որպեսզի դահլիճի և ջրի ջերմաստիճանները լինեն հավասարակշռված։ Արդյունքում կվերանա կոնդենսացիան՝ ստեղծելով առողջ և հարմարավետ միջավայր ինչպես մարզիկների, այնպես էլ նրանց սպասող ծնողների համար։
«Հատկանշական է, որ շինարարական հիմնական աշխատանքներին զուգահեռ մարզադպրոցի տնօրինությունն ու անձնակազմը սեփական նախաձեռնությամբ ներգրավվել են նախապատրաստական աշխատանքներում և սեփական ուժերով իրականացրել պատերի ծեփապատումը՝ զգալիորեն խնայելով համայնքային միջոցները։ Թեև շինարարության ավարտի պաշտոնական ժամկետը սահմանված է սեպտեմբերին, սակայն աշխատանքների ներկայիս բարձր տեմպերը թույլ են տալիս ակնկալել, որ հիմնանորոգումը կավարտվի նախատեսվածից նույնիսկ մեկ ամիս շուտ»,-նշեցին Գյումրիի համայնքապետարանից։