Սուբվենցիոն ծրագրերի աննախադեպ ծավալներ՝ Ախուրյան համայնքում

5 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ծավալներն ու ընդգրկվածությունը աննախադեպ է։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, համայնքի տարբեր բնակավայրերում միաժամանակ իրականացվում են ճանապարհաշինական, բակային տարածքների բարեկարգման և գազաֆիկացման լայնածավալ ծրագրեր, որոնք միտված են բնակիչների կենսապայմանների էական բարելավմանը։

Այս պահին համայնքի 10 բնակավայրում ընթանում են շուրջ 10 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 2 միլիարդ դրամ է։ Սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում են նաև հինգ բազմաբնակարան շենքերի բակային տարածքներ։ 

Ախուրյանի համայնքապետարանից տեղեկացնում են նաև, որ համայնքի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է գազաֆիկացումը։ Այս տարի գազամատակարարման ցանցին է միացվում ևս ութ բնակավայր, որոնք տասնամյակներ շարունակ զրկված են եղել բնական գազից։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ ծրագրի ավարտից հետո համայնքում գազաֆիկացման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված կլինի։

«Երկար տարիներ մեր համայնքի բազմաթիվ գյուղեր գազաֆիկացված չեն եղել, և մարդիկ ստիպված են եղել իրենց կենցաղային ու ջեռուցման խնդիրները լուծել այլ միջոցներով։ Վերջին երեք տարիների ընթացքում Ախուրյան խոշորացված համայնքի 34 բնակավայրերից կեսից ավելին գազաֆիկացվել է՝ պետական և համայնքային համատեղ ծրագրերի շնորհիվ։ Այս տարվա ծրագրերի ավարտից հետո համայնքում ընդամենը երեք բնակավայր կմնա առանց գազամատակարարման ցանցի, սակայն դրանք ևս առաջիկա տարիներին կգազաֆիկացվեն սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Այլևս չենք ունենա գյուղ, որտեղ բնակիչները զրկված կլինեն գազից և ստիպված կլինեն միայն վառելափայտով կամ այլ միջոցներով ապահովել իրենց տների ջեռուցումը»,-նշեց համայնքի ղեկավարը։

Գազամատակարարման ցանցից դուրս մնացող երկու փոքր բնակավայրերում՝ Լեռնուտում և Կարմրաքարում, որտեղ տնտեսությունների թիվը համեմատաբար քիչ է և հեռավորությունը՝ մեծ, ներդրվել է այլընտրանքային էներգետիկ լուծում։ Այստեղ արդեն տեղադրվել են արևային կայաններ, որոնք հնարավորություն կտան բնակիչներին ապահովել իրենց էներգետիկ և ջեռուցման կարիքները սեփական արտադրության էլեկտրաէներգիայի միջոցով։ Զավեն Մանուկյանի խոսքով՝ ծրագիրը գրեթե ավարտական փուլում է, իսկ այն բնակիչները, որոնք ներկայումս ժամանակավորապես բացակայում են բնակավայրերից կամ հետագայում կվերադառնան մշտական բնակության, նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ծրագրի ընձեռած հնարավորություններից։

Ախուրյան համայնքում այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շուրջ 4,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով ճանապարհաշինական աշխատանքներ՝ 23 բնակավայրերում ասֆալտապատելով 20,8 կիլոմետր ճանապարհահատված։

«Չկա մի բնակավայր, որը մնացած լինի ուշադրությունից դուրս կամ որտեղ այս ընթացքում գոնե մեկ կարևոր խնդիր չլուծվի։ Մեր նպատակն է, որպեսզի համայնքի յուրաքանչյուր բնակավայր զգա զարգացման արդյունքները՝ անկախ իր մեծությունից կամ աշխարհագրական դիրքից»,-ընդգծում է Ախուրյան համայնքի ղեկավարը։ Նրա գնահատմամբ՝ սուբվենցիոն ծրագրերի նման ծավալները հնարավոր են դարձել ՀՀ կառավարության և համայնքի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շնորհիվ։ «Կառավարության հետ համագործակցությունը բաց և կառուցողական է։ Չկա մի ծրագիր, որը հիմնավորված ներկայացնենք կառավարությանը և մերժում ստանանք։ Այս արդյունքները հենց կառավարության և համայնքի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության լավագույն ապացույցն են»,-ասում է Զավեն Մանուկյանը։

Խոսելով առաջիկա տարիների զարգացման հեռանկարների մասին՝ համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ զարգացման տեմպերը չեն նվազելու։

«Եթե այս տարի նախորդ տարվա համեմատ սուբվենցիոն ծրագրերի ծավալը գրեթե կրկնապատկվել է, ապա հաջորդ տարիներին ևս ակնկալում ենք զգալի աճ ինչպես սուբվենցիոն, այնպես էլ այլ զարգացման ծրագրերի մասով։ Մեր համայնքը շարունակելու է զարգանալ նույն բարձր տեմպերով»,-եզրափակում է Զավեն Մանուկյանը։

Հայերեն