100-ից ավելի բժիշկներ մեկ բեմում. World Doctors Orchestra-ն և Սերգեյ Խաչատրյանը Երևանում հանդես կգան բարեգործական համերգներով
10 րոպեի ընթերցում
Երբ արվեստն ու բարեգործությունը միավորում է բժիշկներին. ավելի քան 100 բժիշկ-երաժիշտներից կազմված աշխարհահռչակ World Doctors Orchestra-ն հունիսի 25-ին և 26-ին Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ Համերգների հասույթը կուղղվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների առողջական կարիքների աջակցությանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում World Doctors Orchestra-ի հայաստանյան կազմակերպիչ Արմինե Մաժինյանը նշեց, որ World Doctors Orchestra-ն միավորում է շուրջ 2000 բժիշկների աշխարհի 60 երկրներից։ Նրանք աշխատում են առաջատար բժշկական կենտրոններում, իսկ երաժշտությունը նրանց համար ոչ միայն մասնագիտությունից դուրս զբաղմունք է, այլև մարդասիրական առաքելություն։ Նվագախմբի բոլոր համերգներն ունեն բարեգործական նպատակ և ուղղված են առողջապահական ու սոցիալական ծրագրերի աջակցությանը։
Երևանում կայանալիք համերգների ամբողջ հասույթը կփոխանցվի «Կաթիլ» բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է շաքարային դիաբետ ունեցող երեխաներին։ Հիմնադրամը հոգում է ավելի քան 1000 երեխայի առողջական կարիքները։
Նվագախմբի անդամ, ջութակահար, մանկաբույժ Գեղամ Պետրոսյանի խոսքով՝ բժշկությունն ու երաժշտությունը մշտապես ուղեկցել են իրեն։ Նա պատմեց, որ երաժշտությունը եղել է իր կյանքի կարևոր մասը դեռ մանկուց։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, սակայն հետագայում ընտրել է բժշկի մասնագիտությունը։ Ուսանողական տարիներին բժշկական ինստիտուտում մասնակցել է վոկալ-գործիքային անսամբլի աշխատանքներին, որտեղ հավաքվել էին երաժշտությամբ հետաքրքրվող բազմաթիվ ապագա բժիշկներ։
Պետրոսյանի խոսքով՝ World Doctors Orchestra-ի մասին տեղեկացել է Լեհաստանում բնակվող գործընկերոջ միջոցով։ Սկզբում մասնակցել է նվագախմբի համերգներից մեկին Բեռլինում, իսկ հետագայում գաղափարը հասել է նաև Հայաստան։ Առաջին համերգը Երևանում կազմակերպվել է 2009 թվականին։ Տարիների ընթացքում նա մասնակցել է նվագախմբի համերգներին Գերմանիայում, Չինաստանում, Լեհաստանում և Հայաստանում։
World Doctors Orchestra-ի հայաստանյան կազմակերպիչ Արմինե Մաժինյանը նշեց, որ Սերգեյ Խաչատրյանի մասնակցության հարցում ընտրությունն առանձնապես քննարկման առարկա չի եղել։
«Սերգեյ Խաչատրյանն աշխարհի լավագույն ջութակահարներից է, և ընտրությունը, բնականաբար, կանգ առավ նրա վրա։ Նա սիրով ընդունեց հրավերը և, կարևորն այն է, որ հրաժարվեց որևէ հոնորարից՝ ընդգծելով, որ բարեգործական նախաձեռնությանը մասնակցելը համարում է իր պարտքը երկրի հանդեպ»,- ասաց Մաժինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան էր նախատեսում ժամանել շուրջ 120 երաժիշտ, սակայն տարածաշրջանային զարգացումների և թռիչքների հետ կապված խնդիրների պատճառով վերջնական կազմում կլինեն 107-ը։ Նրանք ներկայացնում են 36 երկիր։
«Սա չափազանց մեծ կազմ է, կարելի է ասել՝ կրկնակի սիմֆոնիկ նվագախումբ։ Մենք կցանկանայինք համերգ կազմակերպել նաև մարզերից մեկում, օրինակ՝ Գյումրիում, սակայն նման մեծ կազմի համար համապատասխան բեմական պայմաններ չկան, այդ պատճառով երկու համերգներն էլ կանցկացվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում»,- նշեց նա։
Մաժինյանի խոսքով՝ նվագախմբի բոլոր համերգներն ունեն բարեգործական բնույթ։ Տարվա ընթացքում բժիշկ-երաժիշտները հավաքվում են աշխարհի տարբեր երկրներում և իրենց ելույթներով աջակցում տվյալ երկրի սոցիալական կամ առողջապահական ծրագրերին։
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանելու ոչ միայն նվագախմբի անդամները, այլև նրանց ընտանիքների անդամները։ Ընդհանուր առմամբ սպասվում է մոտ 150 հյուր։
Համերգային ծրագիրը կսկսվի «Արևիկ» մանկական երգչախմբի մասնակցությամբ։ Կհնչեն մանկական և հայկական ստեղծագործություններ, այդ թվում՝ «Էրեբունի-Երևան»-ը։ Այնուհետև Սերգեյ Խաչատրյանը կկատարի Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը։ Համերգի երկրորդ բաժնում կներկայացվի Ռիխարդ Շտրաուսի «Այդպես էր խոսում Զարատուստրան (Զրադաշտը)» սիմֆոնիկ պոեմը, որը համարվում է համաշխարհային դասական երաժշտության ամենաբարդ և նշանակալի ստեղծագործություններից մեկը։
Նվագախմբում Հայաստանն այս տարի ներկայացնում են հինգ մասնակիցներ։ Նրանց թվում են ինչպես Հայաստանում աշխատող բժիշկներ, այնպես էլ արտերկրում գործունեություն ծավալող մասնագետներ։
Արմինե Մաժինյանի խոսքով՝ World Doctors Orchestra-ի անդամները տարբերվում են ոչ միայն իրենց մասնագիտական պատրաստվածությամբ, այլև մշակութային հետաքրքրությունների լայն շրջանակով։
Նրա խոսքով՝ դասական երաժշտության ազդեցության վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք վկայում են, որ այն կարող է նպաստել մարդու հոգեկան հավասարակշռության պահպանմանը և դրական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա։
«Կարծում եմ՝ դասական երաժշտությունը կարող է կարևոր դեր ունենալ հասարակության հոգեբանական մթնոլորտի ձևավորման գործում։ Նույնիսկ ֆոնային հնչողությամբ այն կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկանց տրամադրության և ներքին հավասարակշռության վրա»,- ասաց նա։
Մաժինյանի գնահատմամբ՝ Շտրաուսի ստեղծագործությունը նաև խորը փիլիսոփայական ենթատեքստ ունի։
«Ստեղծագործության ընթացքում, կարծես, հանդիպում են տարբեր գաղափարներ և հակադրություններ, որոնք մշտապես առկա են մարդու ներաշխարհում։ Հետաքրքիր է, որ ստեղծագործությունն ավարտվում է ոչ թե հստակ լուծմամբ, այլ յուրատեսակ հավասարակշռության վիճակով, ինչը ևս նրա յուրահատկություններից է»,- նշեց նա։
Կազմակերպիչը հիշեց նաև World Doctors Orchestra-ի առաջին այցը Հայաստան՝ ընդգծելով, որ համերգը մեծ հաջողություն էր ունեցել։ «Դահլիճը լիովին լեփ-լեցուն էր։ Հանդիսատեսի արձագանքը բացառիկ էր, և դա մեզ համար մեծ ոգևորություն էր»,- ասաց Մաժինյանը։
Նրա խոսքով՝ մեծ հետաքրքրություն կա նաև առաջիկա համերգների նկատմամբ. «Թեև համերգներին դեռ ժամանակ կա, տոմսերի զգալի մասն արդեն վաճառվել է։ Այս անգամ՝ ի տարբերություն նախորդ այցի, կազմակերպվում է ոչ թե մեկ, այլ երկու համերգ»,- նշեց նա։
World Doctors Orchestra-ն միավորում է տարբեր տարիքի մասնագետների՝ սկսած բժշկական ուսանողներից մինչև ճանաչված գիտնականներ և համալսարանական դասախոսներ։ Երևանյան համերգներին մասնակցելու են նաև վեց բժշկական ուսանողներ, իսկ նվագախմբի անդամների մեծ մասը համալսարանական և պրոֆեսորադասախոսական շրջանակների ներկայացուցիչներ են։
Նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Շտեֆան Վիլիխը Բեռլինի «Շարիտե» համալսարանական հիվանդանոցի հայտնի սրտաբաններից է։ Մաժինյանի խոսքով՝ նվագախումբը մշտապես ձգտում է զարգանալ և յուրաքանչյուր նոր համերգային ծրագրում ներառել ավելի բարդ ստեղծագործություններ։
«Նրանք երբեք չեն սահմանափակվում հեշտ ծրագրերով։ Ամեն անգամ ընտրում են ավելի մեծ մասնագիտական պատրաստվածություն պահանջող ստեղծագործություններ, ինչը, թերևս, բնորոշ է նաև բժիշկներին՝ մշտապես նոր մարտահրավերներ փնտրելու և հաղթահարելու ձգտմամբ»,- ասաց նա։
Կազմակերպիչը նաև ուրախությամբ նշեց, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը World Doctors Orchestra-ի անդամների շրջանում բավական մեծ է։
«Անցյալ տարի նվագախումբը համերգ ուներ Նյու Յորքի Carnegie Hall-ում, որտեղ մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 60 երաժիշտներ։ Հայաստան գալու ցանկություն էր հայտնել շուրջ 120 մարդ։ Սա խոսում է մեր երկրի նկատմամբ հետաքրքրության մասին, ինչը շատ ուրախալի է»,- ընդգծեց Մաժինյանը։
Նա նշեց, որ այցի շրջանակում նախատեսված են նաև մասնագիտական և ստեղծագործական շփումներ հայ երաժիշտների հետ։ Նվագախմբի տարբեր խմբերի փորձերին մասնակցելու են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և կոնցերտմայստերները։
Բացի երաժշտական համագործակցությունից, կազմակերպիչները փորձել են նաև մասնագիտական կապեր ստեղծելու հնարավորություն ապահովել հայ և արտասահմանցի բժիշկների միջև:
Միաժամանակ այցին ներգրավված են ութ կամավոր ուսանողներ, որոնք ապագա բժիշկներ են.
«Ուրախ եմ, որ երիտասարդները հնարավորություն կունենան շփվել աշխարհի տարբեր երկրներից ժամանած բժիշկների հետ, նոր ծանոթություններ և մասնագիտական կապեր ստեղծել։ Սա նույնպես ծրագրի կարևոր արդյունքներից մեկն է»,- ասաց Մաժինյանը: