Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
3 րոպեի ընթերցում
Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայի ԱԳՆ-ն X-ի իր պաշտոնական էջում հրապարակած գրառմամբ նշել է, որ հայ ժողովուրդը Փաշինյանին վստահել է հստակ մանդատ՝ շարունակելու ղեկավարել երկիրը խաղաղության, կայունության և ժողովրդավարական վերափոխումների ճանապարհով։
Congratulations to PM @NikolPashinyan on this significant victory and the clear mandate entrusted to him by the Armenian people to continue leading the country on a path of peace, stability, and democratic transformation.
— Albanian MEFA 🇦🇱 (@AlbanianDiplo) June 9, 2026
A strong affirmation of a clear vision, courage, and…
«Շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս նշանակալի հաղթանակի և այն հստակ մանդատի կապակցությամբ, որը նրան վստահել է հայ ժողովուրդը՝ շարունակելու առաջնորդել երկիրը խաղաղության, կայունության և ժողովրդավարական վերափոխումների ուղով»,- նշված է գրառման մեջ։
Ալբանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղթանակը որակել է որպես հստակ տեսլականի, խիզախության և առաջնորդության հաստատում՝ ընդգծելով ինստիտուցիոնալ և հասարակական բարեփոխումների, ժողովրդավարական կառավարման ամրապնդման և Հայաստանը եվրոպական արժեքների ընտանիքին ավելի մոտեցնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։
Գրառման մեջ նաև նշվում է, որ Տիրանան ակնկալում է շարունակել սերտ համագործակցությունը Երևանի հետ։
«Մենք անհամբեր սպասում ենք սերտ համագործակցության՝ մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերություններն ավելի խորացնելու, երկխոսությունն ու համագործակցությունն ամրապնդելու և խաղաղության, ժողովրդավարության ու մեր ժողովուրդների համար ավելի ուժեղ եվրոպական ապագայի նկատմամբ մեր ընդհանուր հանձնառությունն առաջ մղելու նպատակով»,- ընդգծել է Ալբանիայի ԱԳՆ-ն։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին այլ քաղաքական ուժեր ևս։