Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
4 րոպեի ընթերցում

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է երկրի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Ռումինիայի արտաքին գերատեսչությունն իր հայտարարության մեջ նաև ընդգծել է, որ Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում, ինչն, ըստ, Բուխարեստի, հնարավորություն է տվել լայնածավալ քննարկումներ ծավալել Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ։
«Սա առավել արդիական է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ենթարկվել է տեղեկատվական մանիպուլյացիաների և ազդեցության ինտենսիվ արտաքին արշավների։ Այս երևույթը վերջին տարիներին դարձել է բոլոր ընտրական գործընթացների համար ընդհանուր իրականություն, և ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների հաջող պաշտպանությունը կարևոր է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանային մակարդակում»,-ասված է հայտարարության մեջ։
Ռումինիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Հայաստանում քվեարկության արդյունքը արտացոլում է երիտասարդ, բայց կենսունակ ժողովրդավարության հասունությունը։
«Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտել են իրենց ընտրությունը՝ խաղաղության, կայունության, բարգավաճման և Եվրոպայի հետ մերձեցման ռազմավարական ուղու շարունակության համար։ Ընտրողների գրեթե 59%-ի մասնակցությունը վերահաստատում է հայ հասարակության խորը քաղաքացիական հանձնառությունը, ինչպես նաև բարեփոխումների և տարածաշրջանային ինտեգրման օրակարգի նկատմամբ ժողովրդական աջակցությունը»,-նշված է հայտարարության մեջ։
Ռումինիայի ԱԳ նախարարությունը նաև շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկրում ինստիտուցիոնալ կայունությունը վերահաստատելու համար։
«Շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի համար և հայտնում ենք մեր լիակատար պատրաստակամությունը Ռումինիայի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման համար։
Այս պատրաստակամությունը բազմիցս հաստատվել է արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի կողմից իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների ժամանակ։
Ռումինիան խորապես հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, անվտանգությամբ և կայունությամբ, որպեսզի այս տարածաշրջանի տպավորիչ ներուժը լիովին իրացվի։ Մենք աջակցում ենք այս նպատակին հասնելուն ուղղված բոլոր ջանքերին՝ տարածաշրջանի պետությունների հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում, ինչպես նաև որպես Եվրամիության անդամ պետություն»,-եզրափակել է Ռումինիայի ԱԳ նախարարությունը։
Salutăm desfășurarea cu succes a alegerilor parlamentare din Armenia din 7 iunie, într-un climat democratic competitiv și la capătul unei campanii electorale care a permis dezbateri ample cu privire la cursul de dezvoltare al țării.
— Ministry of Foreign Affairs of Romania 🇷🇴 (@MAERomania) June 8, 2026
Acest lucru este cu atât mai relevant cu cât… pic.twitter.com/PvGxGXvhYf
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։