Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն
4 րոպեի ընթերցում
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն: Հայկական կողմը հուսով է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կհաջողվի կառուցողական մթնոլորտում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել ծագած խնդիրները և գտնել փոխշահավետ լուծումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Արձագանքելով Հայաստանի ընտրություններին արտերկրից, մասնավորապես, Ռուսաստանից հնարավոր միջամտության մասին հարցին՝ նախարարը նշեց.
«Տեսել ենք նրանց Անվտանգության խորհրդի պաշտոնյաների, տարբեր այլ պաշտոնյաների, պատգամավորների, մեդիա և փորձագիտական հանրությունների ներկայացուցիչների երբեմն բավականին սուր խոսքերով, Հայաստանի իշխանություններին քննադատող հայտարարությունները: Տեսանք նաև ուղղորդման որոշակի փորձեր, նաև տնտեսական սանկցիաներ, որն ուզես թե չուզես որոշակիորեն մտքումդ կապում ես ընտրությունների հետ, որովհետև բարձրացվող խնդիրները նաև նախորդ շրջաններում են եղել այս կամ այն չափով:
Կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն և հուսով ենք, որ հատկապես ընտրություններից հետո ռուսաստանցի գործընկերների հետ առողջ, կառուցողական մթնոլորտում կարող ենք այդ հարաբերությունները և՛ առողջացնել և՛ քննարկել եղած խնդիրները, որոնք ցանկացած երկրների հարաբերություններում լինում են ժամանակ առ ժամանակ: Նաև գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ռուսաստանի Դաշնության համար»:
Միրզոյանը հայտնեց նաև՝ համակարծիք է վարչապետի այն դիտարկմանը, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունն արհեստական է:
«Այո, միանշանակ արհեստական են, որովհետև հիմք դրա համար չկա: Այս առումով, իհարկե, արհեստական է»,- ընդգծեց նա:
Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից պարբերաբար հայտարարություններ էին հնչում, թե Հայաստանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել այդ հարցով հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե կազմակերպել այդ հարցով։ Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները նույնաբովանդակ հայտարարություն էին ընդունել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին հայտարարել է, որ այս պահին նման հանրաքվե անցկացնելու հիմքեր չի տեսնում։
Այդ հայտարարություններին զուգահեռ Ռուսաստանը վերջին շրջանում սահմանափակումներ է կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը ՌԴ, սահմանափակումներ են կիրառվել պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման նկատմամբ։