Քաղաքականություն

«Միասնության թևեր» կուսակցությունը նոր սկզբունք է առաջարկում սփյուռքի հետ հարաբերություններում

3 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր» կուսակցությունը նոր սկզբունք է առաջարկում սփյուռքի հետ հարաբերություններում

«Միասնության թևեր» կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է նոր սկզբունք որդեգրել սփյուռքի հետ հարաբերություններում։

Կուսակցությունը նշում է, որ սփյուռքի հետ հարաբերություններում «նվիրատվության» սկզբունքից անցում են կատարելու դեպի ներդրում և համասեփականություն, ինչը նշանակում է, որ սփյուռքը կլինի ոչ թե օգնություն տրամադրող, այլ կդառնա տնտեսության համահեղինակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սփյուռքի հետ հարաբերությունների մասին կուսակցության տեսլականը ներկայացրել է կուսակցության տնտեսական թիմի անդամ Իրինա Անանյանը։ 

«Մեր շփումները ցույց են տալիս, որ սփյուռքում կա շատ բարձր մոտիվացիա՝ ներդնելու, մասնակցելու և դառնալու Հայաստանի զարգացման համահեղինակ։ Պարզապես այսօր հաճախ բացակայում են հասկանալի կանոնները, վստահելի մեխանիզմները և հարմար գործիքները։ Այլ կերպ ասած՝ պահանջարկ կա, իսկ մենք ստեղծում ենք առաջարկը»,- ասել է տնտեսագետը։

Նա նշել է, որ ընտրություններում իրենց քաղաքական ուժի հաջողության դեպքում սփյուռքին արվելու է երեք  տնտեսական առաջարկ․ Հայաստանից դուրս բնակվող հայ գործարարը կարող է դառնալ որևէ  նախագծի համասեփականատեր, գործունեություն ծավալել արդյունաբերական գոտիներում կամ գնել հայկական ընկերությունների բաժնետոմսեր և պարտատոմսեր։

«Մենք կառուցում ենք համահայկական տնտեսական համակարգ, որտեղ Հայաստանը կենտրոնն է, իսկ սփյուռքը՝ լիարժեք գործընկեր»,- ասել է Իրինա Անանյանը։ 

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ 

Կուսակցության վարչապետի թեկնածուն Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է։ Կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: «Միասնության թևեր»-ն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում