«Նոր ուժ»-ը քարոզարշավ է անցկացրել Գյումրիում
2 րոպեի ընթերցում

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Գյումրի քաղաքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Գյումրիի քարոզարշավից տեսանյութ է հրապարակել։
Մարությանը թիմակիցների հետ շրջել է քաղաքում, շփվել քաղաքացիների հետ, ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, բաժանել քարոզչական թռուցիկներ։
Մարությանը քաղաքացիներին հորդորել է անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել «Նոր ուժ» կուսակցության օգտին, որի քվեաթերթիկը համար 5-ն է։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։
Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։
Դրանց թվում են՝ եվրոպական ինտեգրացիան որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։