«Նոր գիրք»-21/26. Ասատրյան, Օլքոթ, դե Ամիչիս
5 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ
Անի Ասատրյան, «Աննման»

«Աննման»-ը վեպ է ժամանակակից մարդու ինքնության անկայունության և այն ուժերի մասին, որոնք ձևավորում ու փոխում են մարդու իրականության ընկալումը։ Հոգեբանական, սոցիալական և ներքին փոփոխությունների միջով շարժվող վեպը հետևում է կերպարների, որոնց հիշողությունները, հարաբերությունները, մարմիններն ու հանրային կերպարները աստիճանաբար սկսում են կորցնել իրենց նախկին ամբողջականությունը։
Իրականության սահմանները գնալով ավելի անկայուն են դառնում, մարդկանց միջև կապերը՝ ավելի խզված, և «Աննման»-ը փորձում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ նա հայտնվում է իրենից մեծ սպասումների, ճնշումների, տեղեկատվական հոսքերի և վերահսկման համակարգերի ներսում։ Վեպը շարժվում է մտերմության և օտարացման, ներքին ճնշման և միայնության, անձնական հիշողության և հավաքական իրականության միջև՝ հարցադրելով, թե ինչ է մնում մարդուց, երբ հիշողությունը, ինքնությունը և իրականությունը սկսում են հեռանալ միմյանցից։
Գրված խիտ, բազմաշերտ և հոգեբանական լարվածությամբ հագեցած լեզվով՝ «Աննման»-ը միաժամանակ ուսումնասիրում է ժամանակակից մարդու ներքին փխրունությունը, սոցիալական դիմերեսների կառուցումը, իրականության բեկորայնացումը և այն անտեսանելի մեխանիզմները, որոնց միջոցով ժամանակակից մարդը փորձում է պահպանել ինքն իրեն արագ փոփոխվող աշխարհում՝ նույնիսկ եթե այդ ինքնապահպանման գինը ինքնաոչնչացումն է։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն
Լուիզա Մեյ Օլքոթ, «Փոքրիկ կանայք»

«Փոքրիկ կանայք» վեպը 19-րդ դարի ամերիկյան գրականության լավագույն նմուշներից է: Վեպի հիմքում հեղինակի հիշողություններն են՝ քաղաքացիական պատերազմի օրերից (1861-1865թթ., ԱՄՆ):
Սա պատմություն է չորս քույրերի մասին, որոնք տարբեր են բնավորությամբ, սակայն միմյանց լրացնում են՝ ինչպես գույները միևնույն նկարում: Ջոն համառ է ու վառ բնավորության տեր, տան հենասյունն ու շարժիչ ուժը: Մեգը՝ մեղմ ու գորովաշատ, Էմին՝ հպարտ ու մի քիչ կամակոր, բայց միևնույն ժամանակ՝ փխրուն ու զգայուն: Իսկ Բեթը՝ լուռ ու բարի. նրա ներկայությունն իսկ խաղաղություն է բերում:
Ընթերցողին տրվում է հնարավորություն ծանոթանալու Մարչ ընտանիքին, մասնակցելու քույրերի առօրյա արկածներին, ապրումակցելու նրանց ուրախություններին ու վշտին՝ կարծես դառնալով այդ ընտանիքի մի մասը: Ընտանեկան ջերմությամբ ու մարդասիրության շնչով տոգորված այս ստեղծագործությունը 2003 թվականին BBC-ի դասակարգմամբ զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը աշխարհի լավագույն 200 վեպերի շարքում: Թարգմանիչ՝ Աննա Դանիելյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Էդմոնդո դե Ամիչիս, «Սիրտը։ Աշակերտի օրագիրը»

Ուսումնական մեկ տարի, որը, թվում է անսահման երկար, բայց ավարտվում է մի ակնթարթում՝ ամառային արձակուրդով։ Ի՞նչ կլիներ, եթե յուրաքանչյուր աշակերտ դպրոցական օրագիր վարեր ու ամեն օր գրեր իր սովորական, երբեմն էլ արտառոց պատմությունները։ «Սիրտը» վեպը հենց այդպիսի օրագրային պատմություն է։ Դպրոցական Էնրիկոն սովորում է կարդալ ու գրել, օրագրում պատմում է կյանքի ամենակարևոր արժեքների՝ ընկերության, ընտանիքի, հայրենիքի, սիրո, կորուստների և փոքրիկ հաղթանակների մասին։ Ամիչիսը հիշեցնում է, որ կյանքի դասերը հաճախ դասագրքերում չեն, այլ դպրոցական միջանցքներում, ընկերների հետ ճանապարհին, ուսուցիչների ու ծնողների խոսքերում: Թարգմանիչ՝ Սիրուշ Օհանյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։