Նոր գիրք

«Նոր գիրք»-19/26. Ջակոկաջյան, Քոնան Դոյլ, Գարբեր

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-19/26. Ջակոկաջյան, Քոնան Դոյլ, Գարբեր

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Վիգեն Ջակոկաջյան, «Երբ ծաղկում է ծիրանենին»

1974 թվական, Երևան։ Երեք ընկերների կյանքը մեկ տարվա ընթացքում անշրջելիորեն փոխվում է։ Այն, ինչ թվում էր պարզ ու կանխատեսելի, վերածվում է լարված, վտանգավոր իրականության, որտեղ յուրաքանչյուր ընտրություն գին ունի։ Այս պատմությունն ընկերության և դավաճանության մասին է, երազանքների և պարտադրված զիջումների մասին։ Պատանի տարիքում անխախտ թվացող արժեքները բախվում են իրականությանը, սխալները ժամանակի հետ դառնում են անուղղելի։ Ներում հայցելու փորձերն ուշացած են ու հետ չեն բերում կորուստը։Նրանք երիտասարդ են, խանդավառ, ապագայի հանդեպ հավատով լի։ Բայց աննկատ հայտնվում են մի աշխարհում, որտեղ ամենուր գաղտնի զրույցներ են, արգելված թեմաներ և օտար խաղեր։ Ազատության ծարավն աստիճանաբար հասցնում է վտանգավոր ուղու, որտեղ խաղադրույքներն ամենևին էլ պատանեկան չեն։«Երբ ծաղկում է ծիրանենին» վեպը սիրո, հիշողությունների և ժամանակի մասին է։ Սեր, որը չի խամրում, այլ տարիների հետ ավելի է խորանում։ Եվ գարնան, որը միշտ վերադառնում է։

Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Թարգմանական գրականություն. Արթուր Քոնան Դոյլ «Բասքերվիլների շունը»

«Բասքերվիլների շունը» սըր Արթուր Քոնան Դոյլի ամենասիրված գործերից է և նրա կերտած նշանավոր խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող չորս վիպակներից մեկը: Հինավուրց նզովքի և զարհուրելի գազանակերպ շան պատմությունն ընթերցողին ասես մի այլ՝ սոսկալի աշխարհ է տանում՝ Հոլմսի և Ուոթսոնի հետ Անգլիայի մառախլապատ ճահճուտների խորհրդավոր գաղտնիքները բացահայտելու: Թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Ստեֆանի Գարբեր, «Մի անգամ՝ կոտրված սրտով»

Ստեֆանի Գարբերը պատանեկան գրքերի ամերիկացի ժամանակակից հեղինակ է։ «Մի անգամ՝ կոտրված սրտով» վեպը նրա նույնանուն եռագրության առաջին գիրքն է, որը հրատարակվել է 2021 թվականի սեպտեմբերի 28-ին: Գլխավոր հերոսուհին Էվանջելին Ֆոքսն է: Նա կոտրված սրտով մի որոշում է կայացնում, որը ամբողջովին փոխում է նրա կյանքը։ Վեպում պատկերված բոլոր կերպարներն ու իրադարձությունները հեղինակի երևակայության արդյունք են։

Գիրքը լույս է ընծայել Բիբլիոնը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում