«Նոր գիրք»-26/26. Զարյան, Գոսպոդինով, Մոնթգոմերի
5 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ. Նաիրի Զարյան, «Սասնա Դավիթ»

Նաիրի Զարյանի «Սասնա Դավիթը» «Սասնա Ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հեղինակային յուրօրինակ վերապատմում է, որտեղ, սակայն, ամբողջապես պահպանված են էպոսի ոգին և սյուժետային կարևորագույն զարգացումները։ Վերահրատարակությունը կատարվել է որոշ շտկումներով և հատուկ անունների ու տեղանունների միակերպության սկզբունքի պահպանմամբ։ Շապիկի նկարազարդումը՝ Սևաննա Գրիգորյանի, Հարություն Թումաղյանի:
Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն. Գեորգի Գոսպոդինով, «Ժամանակի ապաստարան»

«Ժամանակի ապաստարան»-ը հրավիրում է մի աշխարհ, որը հուսահատորեն ձգտում է վերադառնալ անցյալ՝ նախքան այն վերջնականապես մոռացության մատնելը։ Պատմությունը սկսվում է այսպես․ «Մի պահ նրանք փորձեցին հաշվարկել, թե երբ է առաջացել ժամանակը, և երբ է ստեղծվել Երկիր մոլորակը։ Իռլանդացի եպիսկոպոս Աշերը 17-րդ դարի կեսին հաշվարկել է ոչ միայն հստակ տարեթիվը, այլև ամսաթիվը՝ Ք․ ա․ 4004 թվականի հոկտեմբերի 22։ Շաբաթ է եղել (բնականաբար)։ Ըստ ոմանց՝ Աշերը նշել է նաև հստակ ժամը՝ երեկոյան 6-ին մոտ»։ Սակայն ժամանակը պատմիչի համար, իր իսկ ընկալմամբ, սկսվում է այն պահին, երբ հանդիպում է Գաուստինին՝ «ժամանակի թափառականին»։ Գաուստինը հեռացել է ժամանակակից իրականությունից․ նահին թերթեր է կարդում, հնամաշ հագուստով է և թափառում է 20-րդ դարի մոռացված պողոտաներով։ Գաուստինը Ցյուրիխում բացում է առաջին «Անցյալի կլինիկան»։ Ալցհայմերով մարդկանց այստեղ առաջարկում են յուրօրինակ բուժում․ շենքի յուրաքանչյուր հարկը մանրակրկիտ վերարտադրում է անցյալ տասնամյակներից մեկը։ Գաուստինի օգնականը գրքի խորհրդավոր անանուն պատմիչն է, որի գործն անցյալի բեկորները հավաքելն է՝ 1960-ականների կահույքից ու 1940-ականների վերնաշապիկների կոճակներից մինչև նոստալգիկ բույրեր ու կեսօրվա լույսի հազիվ նշմարելի շողեր։ Դարաշրջանի վերարտադրումը որքան համոզիչ է դառնում, այնքան ավելանում են կլինիկա դիմողները։ Նույնիսկ առողջ մարդիկ են դիմում՝ առօրյա կյանքի տարտամությունից փախչելու համար։ Սուր, հուզիչ ու միաժամանակ տրագիկոմիկ պատում այն ժամանակավոր ապաստանի մասին, որը մենք փնտրում ենք անցյալում, երբ ներկան չի ենթարկվում մեզ։
Թարգմանիչ՝ Գոհար Աբովյան։
Մանկապատանեկան գրականություն․Լուսի Մոդ Մոնթգոմերի, «Աննայի Երազանքների տունը»

Կանադացի գրող Լուսի Մոդ Մոնթգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից» գրքի հրաշալի հերոսուհին՝ Աննա Շիրլին, ընթերցողի համար վաղուց դարձել է հոգեհարազատ ու սիրված: Նրա՝ երևակայությամբ լեցուն, բայց կյանքի հանդեպ իրականության խոր զգացումը պահպանած հոգեկերտվածքը շատերին է գրավել: Բոլորի նման Աննան ևս հատում է կյանքի բազում արահետներ, ապրում ուրախություններ և վշտեր, սակայն շարունակում է մնալ մաքուր ու երազող այն աղջիկը, որն ապրում է իր իսկ կերտած հեքիաթային, բայց ոչ վերացական աշխարհում: Եվ ահա 1917-ին հրատարակված հինգերորդ՝ «Աննայի Երազանքների տունը» խորագրով գրքում ընթերցողը հանդիպում է իր սիրած գրական հերոսություն՝ արդեն որպես Աննա Բլայթի, տեսնում նրան սեփական ընտանիքում, նաև նոր ու հետաքրքիր մարդկանց միջավայրում և բացում է Աննայի հոգու ուրիշ՝ առավել ուշագրավ դռներ: Թարգմանիչ` Հայկանուշ Շարուրյան:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը: