Արամ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ կուսակցության տեսլականը
3 րոպեի ընթերցում

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 27-ին քարոզարշավ են իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության վարչապետի թեկնածու, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Դիլիջանի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպմանը, խոսելով կուսակցության նախընտրական ծրագրերից, նշել է, որ իրենց ուժը մասնակցում է ընտրություններին Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու, Հայաստանի բանակը սպառազինելու նպատակով։
«Մեր երկիրն ունի հանքահումքային ռեսուրսների ահռելի պաշար, մեր սարերը լի են քաղցրահամ ջրերով, ունենք նաև մարդկային ու գիտական ահռելի ռեսուրս, և եթե այդ ռեսուրսներն ամբողջությամբ միավորենք, մենք կարող ենք մեր բյուջեն քառապատկել, հնգապատկել և հինգ տարի հետո ունենալ Ադրբեջանի բյուջեից երկու անգամ ավելի բյուջե»,-ասել է նա։
Արամ Սարգսյանը նշել է, որ իրենք առաջարկում են նաև Հայաստանում ստեղծել ջրամբարներ։
«Մենք գնում ենք Ազգային ժողով աշխատելու, օրենսդրական նախագծեր տանելու, Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու։ ԱԺ-ում մեր լինելը փոխելու է այդտեղի պատկերն ու խոսակցության թեման»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք նաև 5 տարին մեկ անգամ համաներումը պարտադիր դարձնող նախագիծ են տանելու Ազգային ժողով, որպեսզի կալանավայրերի վիճակը բարելավվի։
«Մենք Ազգային ժողով այնպիսի նախագծեր ենք տանելու, որ մարդկանց հուզող հարցերին կարողանանք իրավական և օրենսդրական լուծումներ տալ։ Մենք գնում ենք ծառայելու ձեզ, սիրելի՛ ժողովուրդ»,-ասել է Սարգսյանը։
Նա հորդորել է դիլիջանցիներին գնալ ընտրության և քվեարկել «Հանրապետություն» կուսակցության օգտին։
«Ես վստահեցնում եմ, որ մենք այնպիսի աշխատանք կանենք, որ դուք կհպարտանաք ձեր քվեարկությամբ։ ԱԺ-ում մեր լինելը Դիլիջանի հանդեպ ուշադրությունն էլ ավելի է մեծացնելու։ Կան քաղաքներ, որոնց հանդեպ ուշադրությունը բերելու է ամբողջ Հայաստանի վարկանիշի բարձրացմանը, և դրանցից մեկը Դիլիջանն է»,-հավելել է Արամ Սարգսյանը։
Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն «Ալյանս» կուսակցության դիմումի հիման վրա ԿԸՀ-ն չեղարկել է կուսակցության գրանցումը։
«Հանրապետություն» կուսակցության քվեաթերթիկի 11-րդն է։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից բաղկացած ցուցակ։