Իսրայելական հարձակումներից Լիբանանում 30-ից ավելի զոհ է գրանցվել
1 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ իսրայելական ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, 40 մարդ վիրավորվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
14 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, զոհվել է Լիբանանի հարավում գտնվող Բուրջ աշ-Շամալի բնակավայրում։
Բացի այդ, Սուրի շրջանում մայիսի 27-ի առավոտյան իսրայելական հարձակումներից երկու զոհ է գրանցվել։
Արմատական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ մայիսի 27-ին հարձակողական անօդաչու թռչող սարքերով Լիբանանի հարավում իսրայելական ուժերին պատկանող երեք տանկ և երկու մեքենա է թիրախավորել։
Իսրայելական բանակը Լիբանանի հարավում տասնյակ բնակավայրերի բնակիչներին տարհանման հրաման է տվել։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3213-ի, իսկ վիրավորներինը՝ 9737-ի։