Քաղաքականություն

Ռեֆորմիստների կուսակցությունն ընտրվելու դեպքում խոստանում է յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար տրամադրել 2 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

Ռեֆորմիստների կուսակցությունն ընտրվելու դեպքում խոստանում է յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար տրամադրել 2 մլն դրամ

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաջողության հասնելու դեպքում Ռեֆորմիստների կուսակցությունը խոստանում է ՀՀ ԱԺ օրակարգ մտցնել օրենքի նախագիծ, ըստ որի՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար պետության կողմից ծնողները միանվագ կստանան 2.000.000 դրամ աջակցություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 23-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, որը կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդն է։

Օրվա ընթացքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Երևանի Ավան վարչական շրջան, շրջել փողոցներում, թռուցիկներ բաժանել անցորդներին և հորդորել մասնակցել ընտրություններին։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։  Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Անվտանգություն և զարգացում» կարգախոսով և 1 համարի ներքո։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 83 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում