«Հայաստան» դաշինքը Գյումրիում առաջնահերթ է համարում տնակների խնդրի լուծումը

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը Գյումրիում առաջնահերթ է համարում տնակների խնդրի լուծումը

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքը հաղթանակի դեպքում խոստանում է կարճ ժամանակում Գյումրին ազատել երկրաշարժից հետո մնացած տնակներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Չենք կարող ասել, որ երկրաշարժի հետևանքներն իսպառ վերացել են, քանի կան վթարային շենքեր։ Վթարային շենքերի հարցը պետք է լուծվի։ Այդ հարցի վրա չի կարելի աչք փակել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Դաշինքի ներկայացուցիչները նաև մի շարք ոլորտներում աշխատավարձի բարձրացումների խոստում տվեցին։

«Պայմանագրային զինծառայողները շատ ավելի բարձր են վարձատրվելու՝ իբրև հայրենիքի պաշտպաններ»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հանրահավաքի ավարտին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ու քաղաքական ուժի անդամները զբոսնեցին և զրուցեցին քաղաքացիների հետ։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում