Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները
3 րոպեի ընթերցում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մայիսի 18-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցի՝ «ԼԱՅԹ-ՀԱԲ» ՍՊԸ հայտի վարկանիշային քվեարկությունը։
«Արմենպրես»-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրել է Հանձնաժողովի իրականացրած տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը։
Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Րաֆֆի Էլլիոթը:
Հարցի ներկայացումից հետո Հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ մասի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածների դրույթներով որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը՝ համաձայն N1 հավելվածի, և սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքները` համաձայն N2 հավելվածի:
Հաջորդիվ ամփոփվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական փռման մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանշային քվեարկությամբ գնահատել են մրցույթի միակ մասնակից «ԼԱՅԹ-ՀԱԲ» ՍՊԸ-ին, որի ներկայացուցիչները ներկա չէին նիստին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին չի հաջողվել հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 32 միավոր (անցողիկը՝ 40-ն էր)։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։