Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը հաջողության դեպքում խոստանում է չեղարկել գույքահարկի բարձրացումը

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը հաջողության դեպքում խոստանում է չեղարկել գույքահարկի բարձրացումը

«Հայաստան» դաշինքը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է չեղարկել 2021-2026 թվականներին անշարժ գույքի գույքահարկի փուլային բարձրացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Խամոյանը պնդել է, որ գույքահարկը թանկացել է 26 անգամ։ «Մենք չեղարկելու ենք այս անտրամաբանական թանկացումը»,- հայտարարել է նա։

2021թ․ հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգ, որով գույքահարկը հաշվարկվում է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։ 2021-ից աստիճանաբար բարձրանալով այս տարի գույքահարկն հասել է առավելագույն չափին։

Կադաստրային համակարգը գույքը բաժանում է 20 գնագոյացման գոտիների, որոնց արժեքները որոշվում են ռադիալ մեթոդով։ Սա գնահատման մոտեցում է, երբ գույքի արժեքը որոշվում է կենտրոնից հեռավորությամբ․ որքան մոտ է կենտրոնին, այնքան բարձր է գնահատվում։ Երևանում գործում է 12 գոտի․ կենտրոնական հատվածները համարվում են ամենաթանկը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում